Պլան Բ էլ ունենք, Գ էլ ունենք, հիմա առաջնորդվում ենք պլն Ա-ով՝ համաժողովրդական ճնշման տակ հեռացնել իշխանություններին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պետք է երկրում ստեղծենք համընդհանուր անհնազանդության մթնոլորտը, որ պարալիզացնենք քաղաքը եւ հեռացնենք իշխանություններին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծռուկյանը հայտարարել է, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն առանձին կմասնակցի, իսկ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, արդյոք այստեղ չկա հակասություն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ասել է՝ եթե լինեն ընտրություններ, ԲՀԿ-ն մասնակցելու է ինքնուրույն, ինչը ես նորմալ եմ գնահատում: Նկատի ունեցեք, որ շարժմանը անդամակցող կուսակցությունները բացի չարիքի կառավարությանը հեռացնելուց, եւ այն ճանապարհային քարտեզից, որը հրապարակել են, դրանից զատ նրանք միմյանց նկատմամբ որեւէ պարտավորություն կամ պայմանավորվածություն չունեն: Իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ: Հետեւաբար, եթե լինեն ընտրություններ, ով ինչ կանի, դա կուսակցությունների ինքնուրույն որոշելիքն է»:

Նա հավաստացրեց, որ պռակտում շարժման մեջ չկա:

Սաղաթելյանի խոսքով, Շարժման անդամ կուսակցություններից որեւէ մեկը դեմ չի արտահերթ ընտրություննրին. «Մենք դեմ ենք, որ այդ ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Նա իրավունք չունի ընտրություններ կազմակերպելու»:

Հարցին, թե ո՞վ իրավունք ունի կազմակերպել ընտրություններ՝ հաշվի առնելով, որ ժողովուրդն է տալիս այդ իրավունքը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց վարչապետի թեկնածուն այդ իրավունք ունի. «Փաշինյանի հեռանալուց հետո ընտրություն կլինի, կրկին ժողովուրդը կորոշի, եթե կրկին կգնա իրեն կընտրի, խնդիր չկա, ես, օրինակ, քաղաքականությունից դուրս կգամ»: