3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաալիքին, որը նախատեսված է եթեր հեռարձակել փետրվարի 15–ի երեկոյան։ Հարցազրույցի անոնսը, սակայն, մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում, որը նոր բացահայտումներ է ակնկալում 2018-ի իշխանափոխության, պատերազմի ու կապիտուլյացիայի պատճառների, դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագայի ծրագրերի մասին:
Անոնսից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է հեղափոխությունից ի վեր պտտվող մի քանի հարցերի, այդ թվում՝ այն հարցին , թե արդյոք Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտն է։
Փետրվարի 15-ին՝ ժամը 18:21-ին Երեւան քաղաքից 17 կմ հարավ գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը Հայաստանում գրանցվել է շաբաթ ցերեկը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալով՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15-ն անց 29-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի ամբողջ տարածքում։ Հաջորդող ժամերին գրանցվել է 46 հետցնցում։ 3 բալանոց երկրաշարժ էլ գրանցվել է կիրակի օրը։
Փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը Ազատության հրապարակում այնքան մեծ է լինելու, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի, հետևաբար ուժ չեն կիրառի։ Այս մասին Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Իր հերթին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ հանրահավաքն ունենալու է հետաքրքիր վերջաբան, և վերսկսվելու են անհնազանդության ակցիաները Երևանում և մարզերում։ Սաղաթելյանը տեղեկություններ ունի, որ առաջիկայում իշխանությունը պատրաստվում է նոր, ոչ հայանպաստ փաստաթղթեր ստորագրել Ադրբեջանի հետ։
Արտգործնախարար Արա Այվազյանը մեկնում է Մոսկվա, որտեղ փետրվարի 17-ին նախատեսված են բանակցություններ Սերգեյ Լավրովի հետ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վրա: Ստուգվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային ծրագրերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի մասին։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները՝ ասել է նա։ Ադրբեջանը այս նախագծերի իրականացման միջոցովկապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան», - ասել է Ալիեւը։
Նրա խոսքով` այդ նախագծերը թույլ կտան Ռուսաստանին եւ Իրանին երկաթուղային կապ ունենալ Նախիջեւանի հետ: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն կլինի: Այսինքն, կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»: Նշենք, որ Ալիեւը Ֆիզուլիում սկսել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումը: Երկաթուղային նոր գծի երկարությունը 100 կմ է: Ճանապարհը կնպաստի ուղիղ երկաթուղային կապի ստեղծմանն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:
Բաքվի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջան կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարել է՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։
«Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվեր 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։
Սյունիքի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանցի զինծառայողների կրակոցները վկայող տեսանյութ է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանը։
«Կրակոցներն արվել են օրվա տարբեր ժամերի։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է»,– նշել է Արման Թաթոյանը։
Կրակոցների փաստը հաստատել է նաև Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։ Նրա խոսքով՝ հակառակորդը կրակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից։ Սարգսյանի խոսքով՝ գյուղի ներքեւի հատվածում 1 կմ հեռավորության վրա է թշնամին, երբ երեխաները դրսում խաղում են, կրակում են, որ երեխաները վախենան։
Փետրվարի 14-ին ուշ երեկոյան քաղաքացիներից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել: Պարզվել է, որ Մարտունի քաղաքի 25-ամյա բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքի մեկ այլ բնակչի պատկանող հանրային սննդի օբյեկտի ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Մարտունի քաղաքի երկու բնակիչներվնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե:
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի անձնավորության, որը Ֆեյսբուքում կապ է հաստատել անհետ կորած կամ գերված հայ զինծառայողների իգական սեռի հարազատների հետ, ներկայացել որպես ադրբեջանցի եւ անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է սոցցանցի իր էջին ուղարկել մերկ վիճակում իրենց լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ ծեծել նրանց գերեվարված հարազատներին: Ֆեյսբուքում «Ազիզ Մուրադով» գրանցված անձը տվել է խոստովանական ցուցմունքներ։
Հերթական բարձրաստիճան պաշտոնանկությունը։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։ Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։
Դատարանը քննել է փաստաբանների՝ Հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ ներկայացված բողոքը։ Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Դատախազություն, վերջինս ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Հիմքեր լինելու դեպքում, ՀՔԾ-ն պարտավոր էր քրեական գործ հարուցել, եթե ոչ՝ հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության, սակայն ոչ մեկն էլ չի արել, ասել է Զոհրաբյանը։ Սակայն փաստաբանների հաղորդումը կցվել է գեներյալ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին։ Դատարանին Զոհրաբյանը մի շարք փաստեր է ներկայացրել, որոնք կարող են հիմք դառնալ քրեական գործի համար։ Դատավարությունը հետաձգվել է մինչեւ փետրվարի 26-ը։
Լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահն ասել է, որ իրենք գործը հետաձգելու, ձախողելու միտում են տեսնում: «Մեր այս գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաեւ դատախազությանն ու ՀՔԾ-ին: Մենք չենք ասում՝ պարտադիր եղել է դավաճանություն: Մենք ասում ենք՝ այսպիսի կասկած ունենք, հարուցեք, ստուգեք: Դա չանելով քննչական մարմինները ավելի են խորացնում մեր կասկածները, որ վախենալու բան ունեն»,- ասել է Արա Զոհրաբյանը:
Եթերազրկված «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի անձնակազմը խորհրդանշական ակցիա է իրականացրել, Հ2-ի լրագրողները նամակ են հանձնել Հայաստանում Եվրամիության ներկայացուցչություն: «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը լրագրողներին հայտնել է, որ նամակներ են հանձնելու նաեւ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ: Նամակում նշվել է, որ վերջին տարիներին հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է Հ2-ի թիմին լռեցնելու բազմաթիվ քայլերով, կասկածի տեղ չի թողնում, որ իրենց եթերազրկումն իրականացվել է նույն տրամաբանությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան: Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում: Հիշեցնենք, որ նա կորոնավիրուսով էր վարակվել և բուժվում էր Մեծ Բրիտանիայում։
Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 170 հազարի։ Մահացել է 7 վարակված, շաբաթ եւ կիրակի օրերին մահացել էր 3-ական մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 3939 է։
Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները բողոքի քայլերթ են իրականացրել. արդեն 3–րդ շաբաթն է՝ կրթօջախում խաթարվել է դասապրոցեսը։ Ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շարունակում են գործադուլն ու դասադուլը՝ ի նշան բողոքի Քարմիլե Առաքելյանի՝ տնօրեն նշանակման։
Աշխատակազմը հանդիպել է Առաքելյանին հետ, որը պնդել է, թե չի հրաժարվելու պաշտոնից։ Աշխատողները նշել են, որ այս ընթացքում ԿԳՄՍ նախարարության մեկ աշխատակից չի մտել դպրոց։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով ու կազմել 524.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.80 դրամով ու հասել 636.60 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.27 դրամով ու հասել 729.09 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 7.16 դրամ:
Փետրվարի 16-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևանում անձրեւ է սպասվում վաղը ցերեկը։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 5-7, վաղը ցերեկը 14-16 աստիճան զրոյից բարձր։











