Երբ ես եւ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն Արցախում էինք, մեզ ասացին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջնագծում է, եւ մենք որոշեցինք միանալ նրան: Սակայն ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը, հայտարարեցին, որ մենք կարող ենք վերադառնալ Երեւան եւ ջանքեր գործադրել ռազմական գործողությունների դադարեցման համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ խորհրդում քննարկումների ժամանակ ԼՀԿ պատգամավորներն առաջարկել են զանգել ՌԴ նախագահին: Մեզ ասացին. «Այդ դեպքում պետք է խաղաղ ճանապարհով տալ այն, ինչ պահանջում է Ալիեւը»: «Այսինքն, նկատի ունեին 7 շրջանները: Ի՞նչ այլընտրանք առաջարկեց իշխանությունը: Կռվել ջոկատներով: Իսկ մենք դրա համար ունեինք զինկոմներ: Ինչպե՞ս էին դրանք գործում»,-հարց ուղղեց Մարուքյանը:

Նա նշեց, որ հանրությանը երկար տարիներ սնել են մտքով, թե պետք է նյութական բարիքներ տալ բանակը զինելու համար: Այդ գաղափարը, նրա խոսքով, ակտիվ առաջ է տարել իշխանությւոնը, սակայն 2016-ի  ապրիլյան էսկալացիայից հետո պարզվեց, որ բանակում շատ բաներ չկային՝ սկսած զինվորներին զինումից եւ վերջացրած նոր տեխնիկայով: «Այդպես է դա, թե՝ ոչ, պետք է մեկընդմիշտ պարզել, այլապես յուրաքանչյուրը կներկայացնի իր ճշմարտությունը, իսկ հանրությունն այդպես էլ ոչինչ չի հասկանա»,-նշեց Մարուքյանը: