Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաստատել Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Ծանր սրտով գրած հայտարարությունում, եռակի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոնը, աշխարհի կրկնակի գավաթակիրը շեշտում է, որ ստիպված էր ընտրել՝ թողնել կյանքի գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ իրեն գնահատում են: Լեւոնը պատմել է, որ հայկական շախմատի նվաճումները պայմանավորված էին նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մշտական աջակցությամբ, իսկ հեղափոխությունից հետո շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իր բոլոր փորձերը տապալվել են: «Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»,– նշել է Լեւոնը, որը հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն է համարում 90-ականներին Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երեկ երեկոյան գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց տեղադրված վրաններում։
Առավոտյան ցուցարարներին է այցելել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է եւ գրեթե ոչ մի հենարան չունի: Վազգեն Մանուկյանը մերժել է կարծիքը, թե բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այլ մանրամասներ այս հանդիպումից դեռ հայտնի չեն։
Հանրապետության նախագահը, իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: Օրակարգում երկրում ստեղծված դրությունն էր։
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:
Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտել է, որ նախագահը դեռ շարունակում է հանդիպումների շարքը եւ դրանց ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը:
Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվել են նախագահի նստավայր՝ պահանջելու, որ Արմեն Սարգսյանը չտրվի Փաշինյանի շանտաժին ու չստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու նրա միջնորդությունը։
Երթով ցուցարարներն անցել են կառավարական առանձնատների մոտով, որի առջեւում ոստիկանները մի քանի շարքով պատ էին կազմել։ Ցույցի մասնակիցներն այստեղ կարճատեւ կանգառ են ունեցել։
Ազգային ժողովում ժամը 11–ին նախատեսված խորհրդի նիստը չի կայացել, «Իմ քայլը» խմբակցությունից խորհրդի կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վրդովվել է, որ նույնիսկ ԱԺ նախագահը չի ներկայացել նիստին։
«Սա «Մանուշակ» մանկապարտեզը չի, ԱԺ նախագահը Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնյան է, գոնե պետք է գա, նիստը բացի, ասի՝ քվորում չկա», ասել է Մարուքյանը։
Սյունիքի մարզի Կապան քաղաքում նույնպես անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կապանցիները մարզպետարանի դիմաց անժամկետ վրաններ են դրել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը «Իսկանդերներ» չի կիրառել անցած պատերազմում: Նիկոլ Փաշինյանի՝ այդ համալիրների մասին խոսքերը նա «անեկդոտային» է որակել: Ալիեւը նաեւ ասել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ եւ չի բացառել խաղաղ պայմանագրի ստորագրումը: Ըստ նրա՝ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», իրենք պահում են միայն «ահաբեկիչներին եւ դիվերսանտներին»: Ալիեւը պատմել է նաեւ Փաշինյանի հետ շփումների մասին, ասել, որ դրանք դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո: «Չնայած հենց նա էր մեր շփումների նախաձեռնողը»,- ասել է Ալիեւը, ավելացնելով, որ ինքն այդ ժամանակ ընդառաջել է Հայաստանի վարչապետին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են լայնորեն անդրադառնալ «Իսկանդերի» թեմայով Փաշինյանի մտքերին եւ հայաստանյան մյուս զարգացումներին։ «Փաշինյանը պայթել է 10 տոկոսով», այսպես է վերնագրել իր հոդվածը «Կոմերսանտը»: Փաշինյանի հրաժարականը ժամանակի հարց է, բանը միայն այն է, թե որքան, ասել է ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը «ՌԻԱ Նովոստիի» տելեգրամ ալիքի հետ զրույցում: «Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան չեն կարող երաշխիքներ տալ Փաշինյանի համար, իսկ ամբոխը փողոցում, որը դեռ երեկ նրան երկինք էր բարձրացնում, այժմ պարզապես ատում է նրան: Փաշինյանն այլեւս լավ քայլեր չունի այս խաղում»,- գրել է The Moscow Post-ը:
«Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ հրթիռների ամբողջ արսենալը մնացել է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում, իսկ Փաշինյանի հայտարարությանը ծանոթացել են «տարակուսանքով ու զարմանքով»:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171510-ի: COVID-19-ից մահացել է 8 մարդ, որոնցից 4-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3996 է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.99 դրամով ու ահսել 527.96 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.76 դրամով ու կազմել 640.20 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.90 դրամով ու կազմել 736.03 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել 7.08 դրամ:
Փետրվարի 27-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը 27-28-ին կտաքանա 3-4 աստիճանով։ Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -1-ից -3, վաղը ցերեկը +9-ից +11։











