Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին։ Նա ասել է, որ գեներալներն իրենց շատ զուսպ են պահում եւ, ըստ երեւույթին, չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր քայլն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Քոչարյանի խոսքով՝ պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ «Քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը»,- ասել է Քոչարյանը: Ըստ նախկին նախագահի՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր:

Ըստ երկրորդ նախագահի՝ իշխանությունները, եթե արժանապատվության զգացում ունենային, պետք է ինքնասպան լինեին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, մինչեւ այդ պետք է ծնկի գային եւ ներողություն խնդրեին ժողովրդից: Պատերազմի օրերին Մոսկվա իր այցը Պուտինի հետ հանդիպման նպատակով գործող իշխանությունը հատուկ է տապալել, ասել է նախկին նախագահը՝ խոստանալով մանրամասները բացահայտել իշխանափոխությունից հետո։

Սորոսական կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման, ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը երկրորդ նախագահը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղում անարդար խաղաղությունը նոր պատերազմի կհանգեցնի։

«Մինսկի խումբը հիմա անհրաժեշտություն է: Այն պետք է նաեւ Ռուսաստանին: Դժվար է ասել, թե որ ուղղությամբ կընթանա բանակցային գործընթացը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տեւել։ Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա սպասեք նոր պատերազմի: Դա տեղի կունենա, երբ առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ եւ այլ տրիգերներ լինեն դրա համար: Մենք պետք է քաղաքական լուծում գտնենք: Եվ եթե Ադրբեջանում սկսեն մտածել, թե լուծել են Ղարաբաղի խնդիրը, հակառակը կնշանակի, նույնիսկ չնայած այսօրվա ավելի լավ դիրքերին»,- ասել է նախագահը: 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել եւ անհեթեթ համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:

«Ռոբերտ Սեդրակովիչը մի մարդ է, որը մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար»,- ասել է Պեսկովը:

Վազգեն Մանուկյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե եւ մեղադրանք առաջադրել։ Լրագրողներին նա ասել է, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ոչ մի ցուցմունք չի տալու։ «Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ դրանք ինչ են նշանակում։ Սա իսկական քաղաքական հետապնդում է», ասել է Մանուկյանը։

Մանուկյանն ասել է, որ եթե իրեն կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն  պայքարը. «Ինձ համար հիմա ամենակարեւորն այդ գործն ավարտին հասցնելն է, Նիկոլ Փաշինյանին քշելը», ասել է նա։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քննչական կոմիտեում հարուցված քրգործով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոսը վարչապետի առաջարկով պաշտոնանկ էր արվել «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոսով պայթելու հնարավորության մասին լրագրողի հարցին ի պատասխան երկար ծիծաղելու համար։ Դրան էլ հաջորդել էր Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, որով բանակը պահանջում էր կառավարության հրաժարականը։

Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը հրաժարական է ներկայացրել, միացել գլխավոր շտաբի հայտարարությանը և  զորակցություն  հայտնել գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Ըստ նրա՝ իշխանությունները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, սխալները գիտակցելու փոխարեն, զբաղված են ջրբաժաններ կառուցելով ու ժողովրդին պառակտելով։ Ավելի վաղ նույն պատճառաբանությամբ հրաժարական էին տվել Արմավիրի և Գեղարքունիքի փոխմարզպետները։

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքերն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ «Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ  Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին  պատասխանատու անգործունակներին  զեկուցվել է հաստատ,  իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ խաթարված ու վտանգված է  գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ   մարդ կա՝ ասում է՝ Սյունիքում  տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրեմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»,- գրել է նա։

Հակառակորդը Սյունիքի ամբողջ սահմանի երկայնքով ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում, նաեւ որոշակի գործողություններ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Ադրբեջանցիներն, ըստ նրա, երկու ուղղությամբ են աշխատում. հոգեբանորեն ազդում են՝  կրակոցներով, այնուհետեւ այլ երկրների հիմնարկների միջոցով բնակիչներից մի քանի անգամ բարձր գնով գնում են այն ամենը, ինչ վաճառվում է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը պատմել է Փաշինյանի հետ իր հանդիպման մասին։ Փաշինյան-Մարուքյան բանակցությունները մեկ փուլով չեն ավարտվել եւ դրանք կշարունակվեն մեկ այլ օր, վարչապետը, ըստ Մարուքյանի, Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների հետ, իսկ իրենք կապում են:

Վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն,  Նիկոլ Փաշինյանը Մարուքյանին ասել է, որ դեռ պետք չէ որոշում կայացնել արտահերթի վերաբերյալ, ինքը կհանդիպի  նաև «Բարգավաճ Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների հետ, արդյունքներով կփորձեն հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավեր է ուղարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ–ն առայժմ այս հայտարարությանը չի արձագանքել։

Առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայրում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանի եւ դատարանի կարգադրիչի միջեւ։ Ականատեսներից փաստաբան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ին պատմել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու պատճառով։ Քաղաքացիական հագուստով, բայց զինված ոստիկանը հարվածել է կարգադրիչին եւ հրել, քաշքշուկը թեժացել է, երբ շենքից դուրս են եկել դատարանի այլ  աշխատակիցներ։  Ծեծկռտուքը դադարել է, երբ մասնակիցները տեսել են, որ իրենց նկարահանում են։

Կառավարությունը որոշել է նորից խստացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային կանոնները. գործադիրի նիստին առողջապահության նախարարը ներկայացրել է վարակվածների աճող թվեր, ապա ասել, որ պետք է նորից բոլորը դիմակ կրեն։ Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ասել է, թե ինքն էլ է մասնակցել վարչապետի հանրահավաքներին, որոնք, ի դեպ, նույնպես վարակի տարածման աղբյուր են։ Հիշեցնենք, որ այդ հանրահավաքների մասնակիցներից գրեթե ոչ ոք, այդ թվում Փաշինյանն ու իր թիկունքին կանգնածները, դիմակ չէր կրում։

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 173 307-ի: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4028-ի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.01 դրամով ու կազմել  524.98 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.74 դրամով ու կազմել 631.71 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.20 դրամով ու կազմել 731.19 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.11 դրամ:

Մարտի 5-ին երկրի հարավային շրջաններում սպասվում են տեղումներ։ Երեւանում    տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը +11-ից +13։