Տասն օրից ավելի Բաղրամյան պողոտան փակ պահող ընդդիմությունն այսօր երեկոյան դիմեց կտրուկ քայլերի, երբ պարզ դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը չի ուղարկում ՍԴ՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու համար։ Հիշեցնենք, որ ըստ իրավաբանների, այսօր՝ ժամը 18։00–ին, լրացավ վերջնաժամկետը, երբ Արմեն Սարգսյանը կարող էր դիմել ՍԴ ։ Երեկոյան նախապես հայտարարված հանրահավաքի բնականոն ընթացքը խաթարվեց, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ երկիրը նախագահ չունի, այլ ունի հարուստ տուրիստ, որն ապրում է հինգ աստղանի դղյակում։ Նա հավաքվածներին հորդորեց փակել ԱԺ բոլոր մուտքեր՝ թույլ չտալով պատգամավորներին ելումուտ անել, մինչև նրանք չկատարեն ժողովրդի պահանջը և իշխանությունից չհեռացնեն Փաշինյանին։

Ոստիկանները մի քանի անհաջող փորձ արեցին կասեցնելու քաղաքացիների շարժը դեպի Դեմիրճյան փողոցի մուտք, որի ընթացքում հրմշտոց ու բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև, ի վերջո ցուցարարներին հաջողվեց ճեղքելով ոստիկանական պատնեշը մոտենալ ԱԺ մուտքին։ Այնտեղ վրաններ տեղադրեցին, ու հայտարարեցին, որ գիշերելու են այդ տարածքում։ Շատ արագ ոստիկանական նոր ուժեր ժամանեցին։ Ոստիկանները զինված էին վահաններով ու սաղավարտներով։

Ոստիկանների ու ցուցարարների միջև կենդանի պատ կազմեցին ԲՀԿ պատգամավորներն ու այլ քաղաքական գործիչներ։  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են տեղափոխում Երևան։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Փաշինյանն այս քայլին դիմել է, քանի որ Երևանի մեծ թվով ոստիկաններ հրաժարվել են ուժ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ըստ տելեգրամյան ալիքների՝ քննարկվում է այս գիշեր Դեմիրճյան փողոցում և Բաղրամյան պողոտայում գիշերող քաղաքացիների նկատմամբ գործողություն իրականացնելու հարցը։

Մեծ թվով ոստիկաններ կան կուտակված կառավարական առանձնատների մոտ։ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մինչև վաղը ժամը 12–ը ժամանակ ունի հրաժարական տալու։

Հայաստանի տարածքում լրտեսության կասկածով դիվանագիտական սկանդալի մասին  է հայտնել Mediaport-ը։ Տելեգրամյանը ալիքը հավաստիացնում է, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսել է հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի։ Ըստ ալիքի, իշխանությունը նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել, բայց կոծկում է փաստը։  Սկանդալին արտաքին գերատեսչությունն ավելի մեղմ բնորոշումներով անդրադարձել է այսօր. Գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, թե  հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը։ Արդյունքում որոշվել է դադարեցնել նրա պաշտոնավարումը։

Արցախի Պաշտպանության բանակի 124 սպա հայտարարություն է տարածել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աջակցելու մասին։ Նրան զորակցելու մասին են հայտարարել նաեւ Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Նորատ Տեր-Գրիգորյանը, նախկին բարձրաստիճան այլ սպաներ։

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Փորձագետները համարում են, որ կառավարությունը փաստորեն չի հավատում Բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին իրավական ճանապարհով պաշտոնանկ անելու հնարավորությանը եւ այսպիսի տարբերակով է ցանկանում լուծել բանակն իր ենթակայության տակ վերադարձնելու խնդիրը։

Բանակ-կառավարություն դիմակայությանը հանգստյան օրերին անդրադարձել է առաջին նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, թե դրա պատճառն իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու վարչապետի անզգույշ փորձն էր: Նա, այնուհանդերձ, ողջունել է զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակաօրինական գործողությունների մղելու դրդումների նկատմամբ: Որոշ ուժեր ասելով, առաջին նախագահն, ակներեւաբար, նկատի ունի իր երկարամյա քաղաքական ախոյան երկրորդ նախագահին, որի մտքերը ռազմական հեղաշրջման շուրջ, Տեր-Պետրոսյանը համարել է չափազանց վտանգավոր:

Փորձագետներն առաջին նախագահի այս հայտարարությունը դիտարկում են որպես աջակցութուն Նիկոլ Փաշինյանին։ Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի գրառմանը, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է մնացել ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում։ «Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջումով պետականության փրկության օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր ու դատապարտելի»,– զարմանքով նշել է Վարդանյանը:

Կիրակի՝ Տավուշում սահմանային լարվածության եւ ադրբեջանցիների՝ արդեն այս հատվածում տարածքային հավակնութունների վերաբերյալ լուրերը, որոնց մասին ահազանգում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախ խիստ բորբոքված տոնով հերքեց Տավուշի մարզպետը, ապա նաեւ պաշտպանության նախարարությունը։ Նշվում էր, թե թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների եւ 3-րդ բանակային կորպուսում տագնապ հայտարարելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այնուհանդերձ, ականատեսները պնդում են, որ սահմանին հայտնվել են ռուս զինվորականներ։

Սահմանների ճակատագրով անհանգիստ իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը եւ պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ «Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը», ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Մի պահ կրքերը բորբոքվել են, երբ  քաղաքացիները պահանջել են բացել ճանապարհը: Ոստիկաններ են եկել դեպքի վայր, ի վերջո, ճանապարհը բացվել է:

Razm.info կայքն էլ ահազանգել էր Ֆեյսբուքի ադրբեջանական հարթակում տարածված տեսանյութի առիթով, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորական համազգեստով  եւ ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է, որ  «շրջայցը» հետախուզական բնույթի է։  ԱԱԾ-ն պարզաբանել է, որ այդ  տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ՝ սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը՝ նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում, թեեւ ադրբեջանցիների զրույցից զգացվում է, որ նրանք տեղում են որոշում ուր գնալ։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ- գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Գլխավոր դատախազությունից մանրամասներ չեն հայտնում, սակայն մամուլը նշում է, որ պատերազմի ժամանակ առերեւույթ նրա հրամանով բարդ առաջադրանքի գնացած 60 հոգանոց խումբն անհետ կորել է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի վիճակի վատթարացման պատճառով: Պաշտպանության նախկին նախարարը հոսպիտալ  է տեղափոխվել դեռեւս մարտի 7-ին: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով:

Այնուհետեւ նա շրջել է Գավառում, զրուցել քաղաքացիների հետ. նրանցից մեկը կոչ է արել ինտերնետի դեմն առնել, Փաշինյանն էլ ասել է, թե մարդիկ պետք է կարողանան ճիշտը ստից տարբերել.

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 175 հազարից: Մահացել է 10 վարակակիր, նրանցից երեքի մահն, ըստ առողջապահական գերատեսչության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4064 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ, նվազել է 0.17 դրամով ու կազմել  525.29 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով ու կազմել 625.36 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.75 դրամով ու հասել 725.94 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու հասել 7.10 դրամի:

Մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում նույնպես տեղումներ չեն ակնկալվում. Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -2-ից -4, վաղը ցերեկը +11-ից +13։