Մարտի 10-ի առավոտից կտրուկ շրջադարձեր տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված:
Այս գրառումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նա դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Դրանից շատ չանցած ուղերձ տարածեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով եւ դիմել է վարչական դատարան։ Գեներալ-գնդապետը շեշտել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է, որ իրեն պաշտոնազրկելու ողջ գործընթացը հակասահմանադրական է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է բացառապես վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների արդյունքում։ Դիմելով Բանակի զինծառայողներին՝ Գասպարյանը հորդորել է շարունակել անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին։
Զինված ուժերի ղեկավար կազմն էլ հայտարարել է, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ իր գնահատականները։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի այսօրվա ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», նշված է հայտարարությունում:
Առանձին հայտարարությամբ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը կրկին պահանջել է Փաշինյանի անհապաղ հրաժարականը ն ընդգծել է, որ յուրաքանչյուր օր ու ժամ վարչապետի պաշտոնին մնալով քայքայվում է Հայաստանի անվտանգությունը և կասկածի տակ դրվում հայրենիքի ապագան: Ըստ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ 3 տարում 4 անգամ գլխավոր շտաբի պետ փոխելը հաստատում է Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու վարքը:
Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու առաջարկ է ներկայացրել պետության նախագահին։
Նախագահը դեռևս նշանակման հրամանագիր չի ստորագրել։ Նա երեք օր ժամանակ ունի՝ այն ստորագրելու համար։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ՊՆ–ում հանդիպել է ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ։ Փաշինյանի կողքին նստել է Արտակ Դավթյանը, կարծես թե արդեն ԳՇ պետի կարգավիճակում։
Ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ հայտարարությունն է արել առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նա ողջունել է Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու որոշումը։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է նաեւ. «Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով»։ Նախկին նախագահը կրկնել է, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, հակառակ պարագայում Հայաստանն, ըստ նրա, այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։
Երոկոյան Արմեն Սարգսյանը տարածեց հայտարարություն։ Նա վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում։ Հրավիրյալներն այս առաջարկին դեռ չեն արձագանքել։
Նախորդ օրվանից Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստներն ու քաղաքացիները շրջափակման մեջ են պահում Ազգային ժողովի՝ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում գտնվող մուտքերը: Դեմիրճյան փողոցին, խորհրդարանի մուտքի մոտ ցուցարարներ վրաններ են տեղադրել: Ոստիկանները նրանց դիմաց սաղավարտներով ու վահաններով զինված պատ են կազմել:
Չնայած Ազգային ժողովի շրջափակմանը, պատգամավորները, նաեւ լրագրողները խորհրդարան են մուտք գործել տնտեսական մուտքից։
Ազգային ժողովի պարսպի մոտ ցուցարարներից մեկը իմքայլական Հովիկ Աղազարյանին «դավաճան» է անվանել, պատգամավորն էլ բռնուցքը թափահարելով ընդառաջ է եկել, սակայն ոստիկանները կանխել են բախումը։
Դեմիրճյան փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից մի քանիսը իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70 000 դոլար» գրությամբ, և ցանկանում էին դրանք փակցնել ոստիկանների վահանների վրա, սակայն ոստիկանները նրանց ձեռքից վերցրին պաստառները, ինչից հետո քաղաքացիները պաստառները փակցրին աղբամանների վրա:
Կորոնավիրուսը Հայաստանում շարունակում է կյանքեր խլել. մահացածների ընդհանուր թիվը հասել է 4071-ի։ Անցած մեկ օրում երկրում գրանցվել է 7 վարակակրի մահ, որոնցից 2-ը մահացել են այլ հիվանդությունից։ 24 ժամում արձանագրվել է COVID-19-ով վարակվելու 340 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 175538 է:
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում ավելացել է միանգամից 25 մլրդ դոլարով. «Բլումբերգ» գործակալության տվյալով՝ աճը ռեկորդային է: SpaceX եւ Tesla ընկերություններում բաժնեմասեր ունեցող Մասկի կարողությունը գնահատվում է 174 մլրդ: Նա շարունակում է մնալ վարկանիշի երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, որի կապիտալը 180 մլրդ է: Անցած մեկ օրում Բեզոսի կարողությունն աճել է գրեթե 6 մլրդ դոլարով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.64 դրամով ու կազմել 525.93 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.55 դրամով ու կազմել 625.91 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.75 դրամով ու հասել 731.67 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.11 դրամ:
Մարտի 11-ին երկրի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ Երեւանում սպասվում է ձնախառն անձրեւ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը 4-6 աստիճան զրոյից բարձր։











