Չնայած, Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու վարչապետի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիներ նախօրեից փակել են ԱԺ մուտքերը, այնուամենայնիվ, ԱԺ տնտեսական մուտքը բաց է անցուդարձի համար։
Պատգամավորները, ԱԺ աշխատակազմն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները առանց որեւէ խոչընդոտի կարողացել են մուտք գործել ԱԺ շենք։
Ի դեպ, այս պահին խորհրդարանում տեղի է ունենում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա են հանձնաժողովի բոլոր անդամները։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ նկատել է, որ ԱԺ մտնելու այլ տարբերակ էլ կա։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբ Ազգային ժողովում էի աշխատում՝ անձամբ եմ իջել ԱԺ շենքի խորը նկուղային հարկը եւ տեսել դեպի մետրո տանող թունելի մուտքը:
Այն ժամանակ մուտքը բարակ շինարարական բլոկներով փակված էր»։





























