Կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ 2021 թվականի համար, մեր բյուջեի կանխատեսումներով դա 3,2 տոկոս է, բայց այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Եթե համադրենք եւ պահենք աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Ընդամենը դա է: Մենք տեսնում ենք բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել: Ձեզ ասել եմ «Էվոլուշն գեյմինգի» մասին, երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում ամենամեծ ինտենսիվ ծիրանի այգին է, որտեղ մզմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժնդակությամբ: Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա:
Բացի դրանից րդյունաբերական ոլորտում էլ կա, որոնց մասին ես կխոսեմ, երբ դրանք կսկսեն աշխատել»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով իր երեկվա գրառմանը, թե Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, նախարարն ասաց. «Անցած տարի նահանջ տարի է եղել, իսկ ամեն օրը ներքին արդյունք է գեներացնում: Խոսքն այն մասին է եղել, որ եթե 5,3 տոկոս անկման մեջ ճշգրտումներ մտցնենք, ապա շատ մոտ ենք վերականգնվելու կետին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վահան Քերոբյանը նախօրեին գրառում էր արել՝ նշելով. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»:











