Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն տվել, հայտնում է The Washington Post-ը:
Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, որ ԵՀ ղեկավարին տեղ չեն հատկացրել նիստերի դահլիճում, քանի որ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկը զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Արդյունքում ֆոն դեր Լյայենը ստիպված էր նստել բազմոցին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի դիմաց, ինչը, ըստ դիվանագիտական արարողակարգի, ավելի ցածր աստիճան է նշանակում:
Դրանից բացի, ընդունված նորմերի համաձայն՝ համանման դեպքերի ժամանակ այդ տեղը սովորաբար զբաղեցնում են թարգմանիչները եւ հանդիպման մյուս մասնակիցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրախորհրդարանի պատգամավոր Սոֆի ին՛տ Վելդը տեղի ունեցածը պատահականություն չի համարում:
«Դա դիտավորյալ էր արվել... Ինչո՞ւ @eucopresident-ը ոչինչ չձեռնարկեց»,- նշել է նա իր Twitter-յան էջում՝ հիշատակելով Շառլ Միշելի ակաունտը:
Երեքշաբթի Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:











