Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի մեկնաբանում «Մարտի 1»–ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Թե ինչ զարգացումներ կարող են լինել դատարանի որոշումից հետո, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Ռուստամ Բադասյանը կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալ, պատճառաբանելով, որ դրանց պատասխանելն Արդարադատության նախարարի լիազորությունների տիրույթում չէ։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախօրեին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Ավելի վաղ՝ մարտի 26-ին,  Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր հայտարարել, որ  Մարտի 1–ի բացահայտումն իրենց իշխանության առաջնահերթություններից է։

«Քաղաքական նպատակը եղել է թե տեղի ունեցած ցավալի իրադարձությունների ամբողջ բացահայտումը, թե դատաիրավական բարեփոխումները, թե անկախ դատական համակարգ ստեղծելը, թե հակակոռուպցիոն բարեփոխումները, թե զրո հանդուրժողոկանությունը կոռուպցիայի նկատմամբ, կարծում եմ, որ հանրային ընկալում կա՝ այս ոլորտներում մենք դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել, չէի ուզենա արդարանալ, որովհետեւ կարեւոր չէ թե ինչ փաստարկներ կբերվեն, ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք հանրության համար տեսանելի չեն, եւ կա դժգոհություն այս առումով։

Ամեն գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, եւ չի կարելի բոլոր հարցերի պատասխանները ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց կարծում եմ՝ հանրության հետ պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ որոշ հարցերում ձախողումներ ունենք»,– ասաց Ռուստամ Բադասյանը։

Դատաիրավական համակարգում բարեփոխումների  թիվ մեկ պատասխանատաուն ասաց, որ քննադատություններ են հնչում, որ վեթթինգ չիրականացվեց, եւ ինքը հիմա պատրաստ է ցանկացած  պատասխանատվություն կրել այդ առնչությամբ։

«ՀՀ–ում մեր պայքարը անկախ դատական իշխանություն ստեղծելու, բարեվարք դատավորներ, պրոֆեսիոնալ  դատավորներով դատական համակարգ ստեղծելը  չի ավարտվել եւ հատկապես իմ պայքարը չի ավարտվել՝ ինչ կարգավիճակով էլ,  որ լինի»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։