Հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն եւ մենք մեծ կարեւորություն ենք տալիս հարեւան Վրաստանի հետ մեր բարեկամությանն ու համագործակցությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը.

«Հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքի ակտիվ մասն են կազմել դարերով: Այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ոնի Վրաստանում եւ վրացի գործընկերները հաջողությամբ աշխատում են Վրաստանում:

Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, գյուղատնտեսության եւ մշակույթի ու բազմաթիվ այլ ոլորտներում: Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների զարգացման , կենսատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, պարենային անվտանգության ապահովման հարցերով: Համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ է:

Երկու նախագահների համագործակցության ներքո մենք կարող ենք քաջալերել ժամանակակից գործարար հարաբերությունների զարգացումը երկու պետությունների միջեւ: Ուզում եմ վստահեցնել, որ ես պատրաստ կլինեմ ձեզ հետ եւ ձեր գործընկերների հետ աշխատել, որպեսզի գործարար, բարեկամական հարաբերությունները շատ արագ զարգանան:

Մենք անդրադարձանք նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հարցերին՝ իհարկե հաշվի առնելով Հայաստանի դեպքում Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի բացահայտ ակտիվ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները:

Ես իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հարցում հայկական կողմի մոտեցումները եւ տեսակետները, հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է հաստատել տեւական խաղաղություն եւ ապահովել կայունություն առանց նաեւ արցախյան հիմնահարցի արդար կարգավորման: Նաեւ նշեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հկամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունը եւ դրա անհրաժեշտությունը:

Շեշտեցի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հսկայական խնդիրները, այդ թվում Ադրբեջանի կողմից գերիներին եւ պատանդներին, կամ այն անձանց, որոնք այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծումներ գտնելու կարեւորությունը: Սա շատ կարեւոր խնդիր է: Ընդգծեցի նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմից հետո ստեղծված իրավիճակը շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման  քաղաքականություն վարելու անթույլատրելիության վրա: Այս քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձեւավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձա նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմական եւ հոգեւոր մշակութային ժառանգության պաշտպանության հարցին:

Ես եւ տիկին նախագահն ամեն ինչ կանենք, կակտիվանցնենք մեր երկրների ջանքերը բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Տիկին նախագահ, հուսամ ձեզ մոտ ապագայում կտեսնեմ Հայաստանում»: