Ես չեմ կարող ասել Ադրբեջանն ուզո՞ւմ է արդյոք ԵԱՏՄ անդամ դառնալ, թե` ոչ, ինչպես է դրան վերաբերվում Ռուսաստանը, ինչպես կվերաբերվի Հայաստանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով ապրիլի 29-30-ին ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության ու Հայաստանի հնարավոր վետո կիրառելու մասին:
«Այս առումով որեւէ դիտարկում ու ուսումնասիրություն չունեմ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իր համար ընդունելի է, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնելու պայմանով մասնակցի այդ նիստին, կամ հետագայում նաեւ անդամակցի ԵԱՏՄ-ին, Արմեն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Որեւէ պայման ինձ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանը ինչ-որ պայման դնի գերիների վերադարձի դիմաց: Գերիների վերադարձը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել մեր գերիներին առանց որեւէ նախապայմանի: Միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ գործի այս ուղղությամբ եւ հարցը լուծվի»:











