Իմ պատկերացմամբ, իրենք էլ չգիտեն, թե ինչու են գնում խորհրդարան: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, մամուլի ասոիլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին:

«Վստահաբար իրենք չեն էլ վերլուծել, թե ինչ ստռրատեգիա պետք է կիրառեն: Ձայներով ԱԺ անցել է միայն Քոչարյանն ու իր թիմը: «Պատիվ ունեմ»-ն ընդամենը օրենքի ուժով է անցել: Խորհրդարանում ինքը կրելու է այդ «բաստարդ»-ի կնիքը: Եթե իրենք խորը վերլուծեին պրոցեսները, ապա իրենք ընդհանրապես խորհրդարան պետք է չգնային: Ռոբերտ Քոչարյանին ընտրել են նրա համար, որ ինքը կարողանա վերցնել իշխանությունը: Նրանց չեն ընտրել, որ գնան ԱԺ-ում դառնան ընդդիմադիր ուժ: Գուցե այդ թիմում ոմանց ձեռք է տալիս գնալ ԱԺ, բայց չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին դա ձեռք է տալիս:

Կարելի է ասել, այդ թիմում քաղաքական ուժերից բոլորը հաղթել են, բացի Ռոբերտ Քոչարյանից: Իր թիմում դաշնակցականները երբեք երեւի այսքան ձայն չէին երազել ստանալ: Նույը վերաբերում է նոր ստեղծված սյունյաց կուսակցությանը: Պարզ է, որ ՀՅԴ-ն ինքն իրենով 1-1,5 տոկոս ձայն էր ունենալու, իսկ սյունեցիներն ընդհանրապես ձայն չէին ունենալու: Իրենք գլոբալ առումով շահել են եւ պարտվել է Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի պարտվելու պատռճառներից մեկն էլ այն էր, որ նա պետք է կարողանար կազմակերպել բողոքական ընտրություններ, սակայն ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրավիճակը շուռ տալ իրենց դեմ եւ իրենց դեմ կազմակերպել բողոքական ընտրություններ. «Քոչարյանի դաշինքին շատերը քվեարկել են, որովհետեւ իրենց մեջ են տեսել թիմին, որը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին: Նույնկերպ Նիկոլ Փաշինյանին շատերը քվեարկում էին, որովհետեւ չէին ուզում նախկինների վերադարձը:

Այն դեպքում, երբ ժողովուրդը քեզ ընտրել է, որ իշխանությունը վերցնես, դրանից հետո գնալ ԱԺ եւ դառնալ շարքային ընդդիմադիր, ես անկեղծ ասած չգիտեմ, թե դա ինչ է տալիս Քոչարյանին»,-ասաց նա:

Վերլուծաբանը նկատեց, որ հայկական իրականության մեջ չի կայացել քաղաքական դաշտը, չեն կայացել կուսակցությունները, առավել եւս Ռոբերտ Քոչրյանը իր կուսակցությունը չունի, եւ իր թիմը ԱԺ-ում շատ հեշտությամբ կարող է տրոհվել երեք մասի: