Կառավարության շենքում, այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ԲՏԱ նախարարությունը օրենքի նախագիծ հեղինակել ԱԱԾ-ի հետ որով սահմանափակվում է կառավարության գործունեությանն առնչվող մի շարք տվյալների թափանցիկությունը, մասնավորապես, կապված գործուղումների հետ, մեկ անձից կատարվող գնումների հետ:

Ի պատասխան նախարարի պաշտոնակատարն ասաց. «ԲՏԱ նախարարությունն արդեն դրա հետ կապված հրապարակում է արել. օրենքների նախագծերը դրվում են e-draft-ում հենց նման քննարկումների համար եւ առաջիկա օրերին նաեւ նախարարությունում տեղի կունենան մի շարք հանրային քննարկումներ:

Բոլոր կազմակերպությունները հնարավորություն ունեն այդ քննարկումներին մասնակցելու, ներկայացնելու իրենց մոտեցումը: Մենք էլ բոլորին պետք է լսենք եւ տանք ռացիոնալ լուծում մեր երկրի, մեր ժողովրդի համար»:

Նա չհամաձայնեց պնդումներին, որ դրանով ոտնահարվում է տեղեկատվության ազատությունը, որ դա դեմ է ժողովրդավարության սկզբունքներին. «Ոչ, ոչ, հակառակը»,-ասաց նա ու վերելակ նստելով հեռացավ:

Ավելի վաղ հայտարարություն էին տարածել տասից աավելի լրագրողական կազմակերպություններ նշելով. «Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ․ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև ս․թ․հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ»:

e-gov.am և govtravel.am կայքերում առկա է զգայուն և ռիսկային տեղեկատվություն. տեղեկությունների ստացման ռեժիմը կփոխվի

Հեղափոխությամբ եկած ուժը առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ. Հայտարարություն