Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում եւ կա բարձր վստահություն դատական ակտերի նկատմամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Նախընտրական ծրագրում գրված է, թե կոնկրետ որ ուղղություններով պետք է առաջ շարժվենք, ինչ բարեփոխումներ պետք է իրականացնենք՝ սկսած հնարավոր սահմանադրական փոփոխություններից, վերջացրած կոնկրետ նախաձեռնություններով, որոնք արդեն ունենք»,-ասաց նա:

Հարցին, թե խախտումներով աշխատած դատավորները երբ են հեռացվելու կամ հեռանալու, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, Բադասյանը պատասխանեց. «Կարգապահական վարույթները կան, հասանելի են: Երբ որ դատավորը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, ԲԴԽ կայքում հրապարակվում է»:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր. «Մասնավորապես, երկու դեպք է եղել, կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ: Դատաիրավական բարեփոխումները ընթանում են:

Նոր դատավորներ պետք է անպայման հայտնվեն դատական համակարգում: Դատավոր դառնալու այդ փակ շղթան, որ համակարգի ներսից են վերարտադրվում, գալ դատական դեպաևրտամենտ, որոշ ժամանակ անց գնալ, դառնալ դատավոր, ունենալ փոխկապակցվածություն դատական համակարգի ներսում, այդ փակ շղթան պետք է կոտրվի: Մենք կարծում ենք, որ այդ փակ համակարգից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչներ  պետք է հայտնվեն դատական համակարգում: Այդ փակ շղթան կոտրելով մենք պետք է ապահովենք մարդկանց մուտքը համակարգ»:

հարցին, թե համակարգի ներսում ներքին դիմադրություն կա՞, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես այս պահին որեւէ ներքին դիմադրություն չեմ տեսնում եւ դրապոտենցիալը չեմ տեսնում»: