ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ շարժումը երեկ՝ հուլիսի 6-ին, քննարկում էր կազմակերպել կառուցողական երկխոսության միջոցով Հայաստանի եւ հայ ժողովրդի կայուն զարգացման մասին համընդհանուր պատկերացում մշակելու ծրագրային նպատակի շուրջ։ Քննարկումը կազմակերպվել էր Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում, որը Ֆիլիպ Մորրիսի թվով 3րդ հետազոտական կենտրոնն է աշխարհում։
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը խոսեց պետության, Հայաստանի հասարակության, սփյուռքի եւ Արցախի միջեւ հարաբերությունների զարգացման համար նոր ուղիներ փնտրելու մասին: «Խնդիրները շատ են: Կարեւոր է հասկանալ, թե ինչն է մեզ հաջողվել իրականացնել 20 տարվա ընթացքում, եւ ինչը՝ ոչ: Այսօր մենք խոսում ենք 2041 թվականի մասին, եւ վստահ ենք, որ կարեւոր է ծրագրային քայլերի տեսլական ունենալը: Ներկայիս իրավիճակի մասին անհանգստանալով՝ կարեւոր է հասկանալը, թե ուր ենք գնում, որ ուղղություններն է մեզ պետք զարգացնել: Կարեւոր է չկրկնել նախկին սխալները: Աշխատանքի ամենակարեւոր ոլորտներից են` տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, առողջապահությունը, պատմական հուշարձանների պահպանումն ու պաշտպանությունը, գիտության եւ կրթության զարգացումը: Մենք պետք է ձգտենք զարգացնել այն ուղղությունները, որոնք թույլ կտան Հայաստանին առաջատար դառնալ աշխարհում, որպեսզի աշխարհը ինչ-որ կերպ կախված լինի մեզնից»:
Ըստ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ապագան միշտ կախված է նրանից, թե ինչպիսի երիտասարդություն կունենաք այսօր, եւ կարեւոր է պայմաններ ստեղծել, որպեսզի ապագա սերունդը մրցունակ լինի համաշխարհային աշխատաշուկայում, բայց միաժամանակ գործի Հայաստանում: «Տեխնոլոգիական բիզնեսը պետք է դառնա պետության զարգացման հիմքը: Մենք պետք է փոխենք միջավայրը: Հասարակությունը պետք է հասկանա, թե որոնք են իր արժեքներն ու նպատակները, ինչ է ինքն ուզում 20 տարի հետո, եւ դրանից ելնելով գիտելիքներ կուտակի»,- ասաց նա:
Ֆիլիպ Մորրիսի PMI Science հետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը նկատեց, որ հարցը նույնիսկ ներդրումների առկայությունը չէ, այլ այն, թե որտեղ պետք է դրանք ներդրվեն, որ ուղղություններով։ «Իր ստեղծման պահից սկսած PMI Science գիտահետազոտական կենտրոնն արդեն 8 մլն դոլարի ներդրում է արել ՀՀ կրթության ու գիտության զարգացման մեջ։ Կենտրոնի կողմից աջակցություն են ստանում երկու մագիստրոսական ծրագրերի ուսանողներ, ասպիրանտներ, գիտական խմբեր։ PMI Science գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում գիտական և տեխնոլոգիական համայնքի կյանքում։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ շատ լինեն ինովացիոն գաղափարները, զարգանա ստարտափ մշակույթն ու գիտնականներն էլ կարողանան զբաղվել գիտությամբ՝ առանց մտածելու նրա մասին, թե ինչպես գումար հայթայթեն ապրելու համար», - նշեց նա։
Քննարկումից առաջ բանախոսները հասցրեցին շրջայց կատարել գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթանալ իրականացվող ծրագրերին ու այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով, թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական կազմի համար։











