Սա լուրջ մարտահրավեր է եւ առհասարակ ոչ միայն ԱԳ նախարարությունն է կազմալուծված, այլեւ հետպատերազմյան շրջանում ամբողջ իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Որովհետեւ փաստ է, որ նախագահի հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը, այսինքն մենք չունենք կառավարություն ընդհանրապես: Մարդիկ ընդամենը ժամանակավոր պարտականություններ են կատարում, ընդ որում վարչապետն ապօրինի : Չունենք ԱԺ, որովհետեւ օրենքի ուժով այն արձակված է:
Իսկ անվտանգության տեսանկյունից սա կրկնակի մարտահրավեր է, որովհետեւ տեսեք ինչ զարգացումներ են տեղի ունենում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, այնտեղից մեզ ասում են՝ իզուր եք մեզ դիմել, դուք ծանոթ չեք մեր կանոնադրությանը: Ընթանում են ուղիղ բանակցություններ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, եւ այդ ուղիղ բանակցությունների հետեւանքը լինում է թրաֆիքինգը, հայ ռազմագերիների վաճառքը երկու կողմից, որը ներկայացվում է որպես բարի կամքի դրսեւորում: Դա իրականում պետական դավաճանություն է, երբ թշնամուն տրվում են հույժ գաղտնի տեղեկություններ: Ըստ էության, մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը այս գործընթացին որեւէ կերպ չի մասնակցում:
Մյուս կողմից Շուշիում ստորագրվում է ադրբեջանա-թուրքական համաձայնագիր, որի առանցքը Հայաստանի ինքնիշխան տարածքի յուրացումն է Հայաստանի հետ թշնամաբար տրամադրված եւ վերջին շրջանում պատերազմական գործողությունների մեջ մտած 2 պետությունների կողմից: Ու նորից չկա հայկական դիվանագիտություն, որը որեւէ կերպ ոչ միայն խափանի, միջազգային հնչեղություն հաղորդի, այլ նաեւ գործընթացներին որեւէ կերպ մասնակցի: Այսօր ունենք իրավիճակ, որ նույնիսկ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկվում են առանց Հայաստանի մասնակցության»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանը նկատեց, որ մենք վաղուց չենք խոսում Ղարաբաղի խնդրի մասին, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղ եզրույթը պետք է շրջանառությունից դուրս բերվի, որովհետեւ դա այլեւս գոյություն չունի. «Նա ասում է՝ կա Ադրբեջանի վարչական տարածք, որը պետք է սահմանագծվի ու սահմանազատվի Հայաստանի հետ առանձին համաձայնագրով:
Մյուս կողմից տեւական ժամանակ է, որ տարածաշրջան այցելություն չեն կատարել Մինսկի խմբի համանախագահները: Խնդրի հետագա կարգավորման իմաստով հայտարարություններ չեն արել ու չեն անում, եւ այս անորոշությունը ուղիղ վտանգ է: Հայկական դիվանագիտություն, ցավոք սրտի, գոյություն չունի:
ԱԽ քարտուղարը մեղադրեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին գերիների վերադարձի հարցում արգելքներ ստեղծելու համար: Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ իր պատվիրակության մեջ չի եղել որեւէ դիվանագետ: Ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը որեւէ տեղ գնար եւ պատվիրակության մեջ չլիներ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Իսկ այսօր մենք արտաքին քաղաքականության իրագործումը թողել ենք ընդամենը մեկ մարդու հույսին, եւ այդ մարդն էլ չունի փորձառություն ոչ պետական կառավարման համակարգում, ոչ դիվանագիտության մեջ: Պարզվում է նաեւ չունի բարձրագույն կրթություն, չի ստացել նորմալ դաստիարակություն եւ մեր ամբողջ երկրի ճակատագիրը մենք թողել ենք այդ մարդու քմահաճույքին:
Այս ընթացքում Հայաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եւ ՀՀ ԱԳՆ-ում գոյություն չուներ մի դիվանագետ, մի պատասխանատու պաշտոնյա, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրի արտաքին գործերի փոխնախարարի հետ բանակցի: Աշխարհում տեղի են ունենում ԱԳ նախարարների ձեւաչափով տարբեր հանդիպումներ եւ մենք չունենք պաշտոնյա, որ ներկայացնի ՀՀ շահերը այդ հանդիպումներում»,-ընդգծեց նախկին պաշտոնյան:
Էդգար Ղազարյանը նաեւ նկատեց, որ կառավարության հրաժարականից հետո ԱԳ նախարարի միակ պաշտոնակատար կարող էր մնալ Արա Այվազյանը. «Նրան ՀՀ նախագահի հրամանագրով ազատելը իրավաբանական առումով աբսուրդ է, որովհետեւ ստացվում է, որ նախագահը Արա Այվազյանին երկու անգամ է պաշտոնից ազատել: ԱԳՆ-ում մնացած միակ փոխնախարարը չի կարող համարվել նախարարի պաշտոնակատար: Ինչպես տեսնում եք, նա ոչ մի երկիր չի մեկնում, ոչ մի պատվիրակություն չի ընդունում»:
Հարցին, թե ինչպես եք գնահատում, որ ԱԳ նախարարն ու փոխնախարարը պարզապես հեռացան ու այդպես էլ չպարզաբանեցին, թե ինչն է խնդիրը, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Դուք խոսում եք ժամանակակից մոտեցումների, բաց հասարակության մասին, որն այս իշխանությունների հետ ոչ մի կապ չունի: Կարճ ժամանակահատվածում երեք անգամ փոխվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որի պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: ՀՀ որեւէ քաղաքացի, որեւէ լրագրող լսե՞լ է վարչապետին կամ նախագահից կամ հենց այդ մարդկանցից իրենց հեռանալու պատճառները: 5 անգամ փոխվել է ԱԱԾ տնօրենը եւ մինչ օրս մենք չգիտենք դրա պատճառները: Ոչ մի հանրային պատասխանատու գործիչ նման անպատասխանատու վարքագիծ դրսեւորելու իրավունք չունի: Եթե նրանք այդպիսին են, նշանակում է, որ այդպիսին են եղել նաեւ պաշտոնավարման շրջանում՝ անպատասխանատու, անողնաշար»:
Ղազարյանի խոսքով, իշխանությունը որոշել են կադրային ջարդ իրականացնել քաղծառայողների շրջանում, ինչը քաղծառայության մասին օրենքի սկզբունքի խախտում է. «Քաղծռայության սկզբունքը չեզոքություն է եւ կայունությունը, նրանք պետք է պաշտպանված լինեն քաղաքական փոփոխություններից: նույնը վերաբերում է նաեւ դեսպաններին: Դա հակապետական գործունեություն է»:











