Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, և այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել ևս համայնքային հողի վրա՝ հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, և քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել․ ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, և եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասաց նա:

«Ինձ համար վերջին շրջանի քանդման գործողությունները որքան ողջունելի են, այդքան հարց են առաջացնում: Այդ հարցը հետեւյալն է. Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների։ Եթե դրանցից առաջինը, երկրորդը 1-2 շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդել: Սրանք այն դեպքերն են, երբ մենք չենք խոսում հնարավոր օրինականացման մասին: Նրանք կառուցել են այն ձեւերով, որոնք ընդհանրապես ենթակա չեն օրինականացման»,-հայտարարեց Դավիթ Խաժակյանը։