Ինչքան էլ ասես՝ հալվա, դրանից բերանդ չի քաղցրանում. Չես կարող ասել խաղաղություն, ու ակնկալել, որ դրանից խաղաղություն կհաստատվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը:

«Խաղաղության հասնելու համար պետք է լինես ուժեղ: Հին հռոմեացիներն էին ասում՝ խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի: Պատրաստ լինել պատերազմի, չի նշանակում պատերազմ սկսել: Դա նշանակում է կանխել պատերազմը եւ թույլ չտալ, որ քո հակառակորդը պատերազմ սկսի քո դեմ: Ցավոք սրտի, այս հարցում իշխանությունները կարողացան հասարակությանը շեղել: Մենք ասում էինք՝ պետք է լինես ուժեղ, որ լինի արժանապատիվ խաղաղություն, իրենք ասում էին, որ եթե դու ուժեղանալու մասին սկսես խոսել, դու պատերազմ կսադրես»,-ասաց նա՝ հշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ պատերազմ սկսվեց այն ժամանակ, երբ մենք սկսեցինք ուժեղանալ եւ զինել մեր բանակը:

«Իշխանությունը ստիպում է հասարակությանը համակերպվել պարտության գաղափարի հետ: Տեսեք իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) արտահայտությունները՝ ազատամարտ եք արել, որ հետո ժողովրդի թալանեք: Այսինքն ինքը հասարակության մեջ ազատամարտը բերում կպցնում էր թալանի հետ: Դա, իհարկե,  չապացուցեց, որ ինչ-որ գեներալ բան էր թալանել»,-ասաց նա:

Անդրադառնալով տնտեսության ցուցանիշներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «2021-ի առաջին եռամսյակին, 2020-ի առաջին եռամսյակի համեմատ համադրելի գներով ՀՆԱ-ն 3,3 տոկոսով ընկել է. «Մենք ունենք տնտեսական անկում: Այս մարդիկ դեռ պատերազմից 6 օր առաջ, երբ հրապարակեցին Հայաստան 2020-2050 ֆելիետոնը, ակնկալում էին, որ Հայաստանը 30 տարվա ընթացքում 20-ապատիկ պետք է աճի: Դրա համար Հաստանը պետք է 30 տարի տարեկան 10,5 տոկոսով աճի: Պատերազմից հետո նրանք խոսում են տարեկան 7 տոկոս աճի մասին: Եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ, կտեսնենք, որ գներն աճել են 6,5 տոկոսով»;

«Այստեղ ամեն բան գալիս հանգում է արժեքային համակարգին, թե դու ինչ տիպի Հայաստան ես ուզում տեսնել: էս  մարդկանց տեսլականը, պատկերացումը այն է, որ Հայաստանը մի փոքր երկիր է, ոչ մեկի հետ պրոբլեմ չունի, ասում է՝ լավ, ծեծի, բայց մի սպանի, մեզ համար կապրենք, Ադրբեջանի հետ խաղաղ կապրենք: Ակնհյտ է, որ իրենք Ադրբեջանի հետ պատրաստում են խաղաղության պայմանագիրԱկնհայտ է, որ դրա մաս պետք է կազմի սահմանազատումն ու սահմանագծումը, որը պետք է անցնի ԽՍՀՄ նախկին գծած ներքին սահմաններով: Այստեղ հարց է ծագում՝ իսկ Արցա՞խը: Արցախը ԽՍՀՄ ներքին սահմաններով եղել է Ադրբեջանի մաս: Իրենք կխոսեն խաղաղության մասին, կասեն՝ պատերազմ չի լինելու, խաղաղություն կլինի, արցախցիներն էլ ավելի բարեկեցիկ կապրեն բարեկամական Ադրբեջանում»,-ասդաց Խաչատրյանը: