Հայաստանում թեեւ ուսանողները ազատված են հոկտեմբերի 1–ից ուժի մեջ մտած՝ պատվաստվելու կամ ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու պարտադրանքից, սակայն աշխատող ուսանողների վրա սա չի տարածվում։ Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ուսանողը դադարում է զուտ ուսանող լինել, երբ մտնում է գործատու-աշխատակից փոխհարաբերությունների դաշտ։
«Ստացվում է, որ պետության համար միևնույն է իր չաշխատող ուսանողների կյանքն և առողջությունը՝ չնայած նրան, որ ուսանողը հասարակության ակտիվ անդամ է՝ անգամ եթե չի աշխատում։ Գործադիր մարմինը, երևի թե վախենալով այն ռեակցիայից, վերաբերմունքից, որ կարող էր լինել, ուսանողների կողմից, քանի որ եթե իրենք չեն աշխատում, ապա չունեն ֆինանսական միջոցներ, կարող էր մեծ բողոքի ալիք բարձրանալ և այդ ալիքից վախենալով ուսանողների վրայից այդ պարտադրանքը հանվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Աբգար Պողոսյան։
Այս պարագայում, իրավաբանի խոսքով, ուսանողը կարող է որոշումը վիճարկել դատարանում, սակայն ոչ թե որպես աշխատող։
«Այստեղ կգործեն մնացած իրավական հիմնավորումները, ինչ մնացած աշխատողների մասով։ Գործ ունենք Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների, սեփական կամքով բժշկական միջամտության ընտրելու իրավունքի խախտման հետ, սա ֆիզիկական ներգործություն է։ Այսինքն՝ անձը զրկվում է ընտրելուց՝ ինքը ցանկանում է արդյոք այդ բժշկական միջամտությանը ենթարկվել, թե ոչ»,- նշեց Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ սա ստիպում է մտածել, որ հրամանի նպատակը ոչ թե համավարակը կանխարգելելն է կամ մարդկանց առողջությունն ապահովելը, այլ աշխատող շերտից գումար վերցնելը։
Հրամանի մեջ ևս մեկ անորոշ կետ կա։ Վերահսկողությունից կարծես դուրս են մնում այն քաղաքացիները, որոնք գրանցված աշխատողներ չեն։ Օրինակ՝ տաքսիստը, կամ շուկայում բանջարեղեն վաճառողը, որոնք ամեն օր տասնյակ մարդկանց հետ են շփվում և հանգիստ կարող են վարակը տարածել, դուրս են մնում վերահսկողությունից։
«Սա մեծ բաց է։ Նախ պետք է վերահսկման դաշտ բերել նրանց, նոր դրանից հետո հրամանը կիրառել, բայց պարզ է, որ դա մի քանի օրվա աշխատանք չէ, հեշտ չէ անելը, այսինքն՝ այս լայն շերտը մնում է բաց վիճակում>>,- ասաց Աբգար Պողոսյանը։
Հստակ չէ նաև հեռավար աշխատողների ճակատագիրը։ Նախարարությունից պարզաբանեցին, որ հեռավար աշխատակիցները կարող են չպատվաստվել կամ չթեստավորվել, այնքան ժամանակ, քանի դեռ թեկուզ մեկ րոպեով աշխատավայր չեն մտել։ Աշխատավայր ցանկացած հեռավար աշխատակից պարտավոր է մտնել պատվաստված կամ թեստավորված։ Իրավաբանի խոսքով, սակայն, հրամանի մեջ կոնկրետ բացառություն հեռավար աշխատակիցների վերաբերյալ չկա, հետևաբար նախարարությունը ցանկացած պահի կարող է փոխել իր մեկնաբանությունը։
«Երբ որ աշխատանքի է գնում փաստացի նույն շփման շրջանակն է ստացվում, ինչ աշխատանքի եկող քաղաքացու համար, սակայն եթե այդ պարզաբանումը հաշվի չառնենք, ես կրկնում եմ, որ բացարձակ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվի հեռավար կարգով աշխատողի վրա նման պարտականություն դնելը»,- նկատեց Աբգար Պողոսյանը։
Աբգար Պողոսյանի կարծիքով՝ մեկնաբանությունը անտրամաբանական է նաեւ այն պատճառով, որ աշխատակիցը իր հեռավար աշխատանքը կատարելուց հետո կարող է դուրս գալ և օրինակ, զբոսնելիս վարակվել կամ վարակել մարդկանց։











