Կալիֆորնիայում ծնված Շանթ Չարշաֆյանը մեկ տարի առաջ որոշեց հերթական արձակուրդն անցկացնել Հայաստանում։ 35–ամյա երիտասարդը դեպի Հայաստան չվերթների վերաբացումից հետո 2020–ի սեպտեմբերին շտապեց հայրենիք։ Շանթն ամերիկահայ ընկերների հետ առաջին շաբաթն այցելեց կորոնավիրուսից տուժած բազմազավակ ընտանիքներին՝  օգնություն հասցնելով նրանց։ Հետո սկսվեց պատերազմն ու Շանթի կյանքը գլխիվայր փոխվեց։

Պատերազմի լուրը ստանալուն պես ամերիկահայ երիտասարդը շտապեց միանալ դաշնակցության կամավորական ջոկատին. հանձնարարություն ստացավ զբաղվել թիկունքային աշխատանքներով և հենց հաջորդ օրն ուղևորվեց Արցախ։  Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Շանթն ընկերների հետ կարճ ժամանակում լավաշի արտադրություն հիմնեց՝ հաց մատակարարելով նախ տեղահանվածներին, հետո նաև բանակին։ Պատերազմի 44 օրերի ընթացքում սփյուռքահայ կամավորը Հայաստանից ապրանքներ էր փոխադրում Արցախ, զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներ հայթայթում։ Արցախում Շանթը հասցրեց ճանաչել իր հողը սիրող արցախցուն, գիտակցաբար կռվի գնացած շատ տղաների, հայրենիքի համար ինքնազոհողության պատրաստ հայրենակիցների...  Հասցրեց իր աչքով տեսնել հայկական հողերի՝ Շուշիի, Հադրութի, պատմական Տիգրանակերտի կորուստը...  Աչքի առաջ եկավ գաղթական դարձած իր գերդաստանի պատմությունը. հիշեց մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտից անապատ քշված իր նախնիներին, որոնք հանգրվանել էին Սիրիայի որբանոցներում և երեք սերունդ ապրել օտար ափերում։   100 տարում կորցնես երկու Տիգրանակերտ, 21–րդ դարում դառնաս գաղթական, հետո կռիվ տաս օտարի հողում հայ մնալու համար...

«Ես ապրում էի օտարության մեջ և դատապարտված էի ձուլման. սփյուռքում բոլորն էլ՝ մեկ–երկու սերունդ հետո դատապարտված են ձուլման»,– ցավով նկատում է հայրենադարձը։

Պատերազմից հետո Շանթը մեկընդմիշտ որոշեց՝ մնալու և ապրելու է Արցախում։

«Հազարավորները անձնազոհության են գնացել մեր հայրենիքի համար, ես ինչպե՞ս կարող էի այդ ամենը տեսնելով վերադառնալ և իմ անհոգ կյանքով ապրել»,– ասում է Շանթն ու հաստատում՝ «հայրենիքը պետք է սիրել անկախ քաղաքական վիճակից, ղեկավարներից, անկախ նրանից՝ հաղթել ենք, թե չես հաղթել»։

Հայրենիքում հաստատվելու որոշումը Շանթն ավելի հեշտ կայացրեց, երբ հանդիպեց իր սիրուն. այն էլ՝ պատերազմի նախորդ օրը։ Գիդ–էքսկուրսավար Մարինեն Շանթի հետ մտերմացավ Տավուշի ճանապարհին։ Սփյուռքահայ երիտասարդի ուշադրությունը գրավեց Մարինեի շապիկին պատկերված Նժդեհի դիմանկարը. ճիշտ այդ նույն կերպարը յուղաներկով նկարել էր Շանթը։ Զրույցը սկսվեց Նժդեհից, հետո ավելի մտերմացան Բերդում՝ «Գութան» փառատոնին՝ շուրջպարի ժամանակ։ Մարինեն նաև մանկավարժ է, սիրում է ազգային պարեր պարել, ուսուցանել։ Շանթի սիրտը գրավեց աղջկա այն միտքը, որ ինքը երբեք օտար երկիր հարս չի գնա, ինչքան էլ որ հրապուրիչ լինի այդ առաջարկը։

«Հայրենիքից դուրս խաբուսիկ են բոլոր դրախտները. Գարեգին Նժդեհի այս պատգամն ինձ համար իրական կյանքի և ապրելաոճի ուղենիշ է եղել»,–ասում է Մարինեն ու հիշում՝ ինչպես պատերազմի օրերին կամավորագրվեց ՈՄԱ–ին ու սովորեց «ողջ մնալու արվեստը»։

«Պատերազմն ապացուցեց, որ առանց զենքի, առանց կռվելու ցանկության անվտանգ չենք ապրի։ Այսօր կին, թե տղամարդ պիտի տիրապետեն զենքին, պաշտպանել ու պաշտպանվել իմանան։ Տղամարդուն զենք տվողը կինն է։ Եթե թշվառի և խեղճի կարգավիճակով խաղաղություն մուրանք՝ թշնամին մեզ կհոշոտի»,–ասում է երիտասարդ հայուհին։

Դեկտեմբերին զույգն ամուսնացավ և տեղափոխվեց Արցախի Մարտունու շրջան. այնտեղ, որտեղ իշխում է հավասարությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու զինվորի թիկունքին կանգնելու գաղափարը։

«Եթե ուզում ենք հողը պաշտպանել, պետք է մարդիկ ապրեն այդ հողի վրա»,– ասում է Շանթն ու օրինակ բերում մարտունեցիներին։

«Թե՛ առաջին, և թե՛ այս պատերազմի ժամանակ մարտունեցիներից շատերը չեն հեռացել գյուղից։ Մենք շատ բան ունենք սովորելու նրանցից։ Այստեղ մարդկանց մեծ մասը դաստիարակաված է այն գաղափարով, որ իրենք ապրելով այդտեղ՝ պիտի զինվորին թիկունք լինեն։ Զինվորը մարդկանց է պաշտպանելու, ոչ թե ծառերն ու տները։ Ի՞նչ արժեք ունի 7–րդ դարի եկեղեցին կամ վանքը, եթե ոչ ոք չի գնալու այնտեղ աղոթելու։ Եթե ուզում ենք հողը պաշտպանել, մարդ պետք է ապրի այդ հողի վրա»,–ասում է նա։ Արցախի շատ գյուղեր ու շրջաններ այսօր դարձել են առաջնագիծ։ Շանթի խոսքով՝ հեշտ է ապրել օտարության մեջ և մեղադրել թուրքի կրակոցի տակ ապրողին ու ղեկավարներին։

«Եթե ես ապրեի Ամերիկայում, ի՞նչ իրավունք ունեի այստեղի կառավարությունից պահանջել, թե այս հողը մի հանձնեք,  այսինչ քարտեզը մի տվեք թշնամուն և այլն։ Անգամ եթե իմ պահանջն արդար լինի, մեկ է, օտարության մեջ՝ խաղաղ երկրում ապրելով, ես իրավունք չունեմ այստեղ ապրողին դասեր տալ, պահանջել։ Հիմա այստեղ եմ, իմ չափով փորձում եմ օգտակար լինել իմ երկրին և իրավունք ունեմ պահանջատեր լինելու»,– ասում է Շանթը։

Սփյուռքահայ երիտասարդն այնքան ռոմանտիկ չէ, որ կարծի, թե միայն իր վերադարձով կամ Արցախում ընտանիք կազմելով կարող է փրկել երկիրը, հետ բերել մեր կորցրածը, բայց մի բան հստակ գիտի՝ օտարին ձուլվել չի ուզում. կապրի հայրենիքում և տեր կկանգնի եղածին։

Շուտով կծնվի Շարշաֆյանների առաջնեկը։ Սահմանին՝ թուրքի քթի տակ երիտասարդ զույգը պիտի նոր տուն կառուցի, ուժեղ ու գիտակից սերունդ դաստիարակի։ Մարինեն հավատում է՝ մեր փրկությունը ազգային արժեքներ կրող ընտանիք ունենալն ու պահանջատեր սերունդ դաստիարակելն է։

Իսկ Շանթը համոզված է՝ երկիրը երկիր կդառնա, եթե մարդիկ սովորեն կարգ ու կանոնին, լսեն իրար ու միմյանց հանդեպ անտարբեր չլինեն։

«Չպետք է ամաչենք միմյանցից սովորելուց. սփյուռքահայը պետք է այստեղ ապրող հայերից սովորի, իսկ  տեղացին՝  սփյուռքահայից՝ բանկում հերթ կանգնելուց մինչև հաճախորդի հետ շփում»,– ասում է Շանթն ու հիշում այն դժվարությունները, որոնց բախվել է այս մեկ տարում։

«Հեշտ չէ պետական կառույցների հետ աշխատելը, հատկապես անձնագիր ստանալուց չգիտեի գլուխս որ պատին զարկեի՝ այնքան դես ու դեն ուղարկեցին։ Ասում էի՝ ծնողներս քաղաքացի են, ես էլ եմ ուզում դառնալ, ի՞նչն է խնդիրը»,– ասում է հայրենադարձն ու վերջում արդարացնում թե՛ երկրին, թե՛ պետությանը.

«Երիտասարդ պետություն է. պետք է դիմանանք և հաղթահարենք այս դժվարությունները. սա է մեր երկիրը, ուրիշ մեկը չունենք, ուրիշ տեղ նոր հայրենիք չենք գտնի»։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ