ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում վիրավորանքի քրեականացման մասին հոդվածը: Այս մասին նա հայտարարեց փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ քրեական օրենսգրքում ավելացված հոդվածը ենթադրում է վիրավորանքի համար պատասխանատվություն․ որպես ծանրացուցիչ հանգամանք նշված է պաշտոնատար, հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ լրագրողների վիրավորանքը։
«Կարծում եմ, որ լրագրողներն այնտեղ նշված են հոդվածի ֆոնի եւ լեգիտիմացման համար», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով՝ հոդվածն ինքնին անթույլատրելի է եւ արժանի է ամեն տեսակ դատապարտման, քանի որ նման մեթոդներով իրավիճակը չի շտկվի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացասական եզրակացություն է տվել, սակայն նրան չեն լսել։
«Ինչպե՞ս կարելի էր նման անհստակ հոդված ընդունել՝ պրակտիկայի վրա հույս դնելով», - հարցադրում արեց Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցով դիմել է ՍԴ։
«Կառավարության զեկուցողն ասում էր, եւ իշխանական պատգամավորները կրկնում էին, որ հույսը դրել են պրակտիկայի վրա։ Որեւէ չափանիշ, թե ինչ է վիրավորանքը, չկա։ Դա անթույլատրելի մոտեցում է։ Ըստ էության, հոդվածը կոչված է պաշտպանել պաշտոնյաներին», - նկատեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ նենգությունը նրանում է, թե ում կարելի է ընդհանրապես համարել հասարակական կամ քաղաքական գործիչ։ Եթե մարդը ելույթ է ունեցել հանրահավաքում կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա նա գործի՞չ է, թե՞ ոչ։
«Ենթադրվում է, որ այո։ Այսինքն, նա պաշտպանված է Քրեական օրենսգրքով։ Ստացվում է, որ նման ելույթներով տանիքն ապահովված է։ Հոդվածը վտանգավոր է անձնական անվտանգության համար։ Չնայած նրան, որ հոդվածը չի ենթադրում ձերբակալություն, սակայն գործնականում ձերբակալությունները եւ բերման ենթարկումները տեղի են ունենում։ Իմ կարծիքով՝ հոդվածը լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ իրավապահ համակարգի համար։ Կա քննիչի որոշում, նրանում նշված են գրառման տակ մեկնաբանություններ արած անձնանց անունները։ Մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն, բայց նրանց կարող են հարցաքննության կանչել։ Եվ լույսի պես պարզ է, որ դա չի կարող փոխել մթնոլորտը։ Անհնար է հեռացնել ֆեյքերը եւ հայհոյանքները դրսից: Եվ ընդհանրապես ինչու՞ ֆեյքերի հարցը չեն լուծում։ Կան պաշտոնյաներ, եւ ես գիտեմ, թե ով, եւ նրանք գիտեն, որ ես գիտեմ, որոնք շատ ներգրավված են այդ ֆեյքերում։ Պայքարե՛ք իրական մարտահրավերների դեմ։ Եթե կարող եք», - խորհուրդ տվեց Թաթոյանը՝ արձանագրելով, որ այս հոդվածը նաեւ լրագրողների համար է խնդիրներ ստեղծում՝ չհաշված գնահատման սուբյեկտիվությունը։
«Եվ արդյո՞ք իրավապահները նման հնարավորություններ ունեն։ Տեսեք, թե որքան սոցիալական ցանցեր եւ հարթակներ կան։ Շատ մեծ հույս ունեմ, որ ՍԴ-ն այս հոդվածը հակասահմանադրական կճանաչի», - նշեց օմբուդսմենը։
Խոսելով իրեն վիրավորելու գործի մասին՝ Թաթոյանը պատմեց, որ խոսքը բռնության խրախուսման եւ վիրավորանքի մասին է: Առաջին մասով գործը հարուցվել է, վիրավորանքի մասով հրաժարվել են։
Մարդու իրավունքների պաշտպանը որոշումը բողոքարկել է, այժմ գործը հասել է Վճռաբեկ դատարան։ Թաթոյանը քննադատեց Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ նման վերաբերմունքը, առավել եւս Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի առկայության դեպքում եւ ամոթանք է տվել բոլոր այն դատավորներին, որոնք զբաղվել են այս հարցով՝ նրանց մեղադրելով երկակի ստանդարտները խրախուսելու մեջ։
Հետաքրքիր փաստն այն է, որ երկու ատյաններում Մարդու իրավունքների պաշտպանի բողոքն ուսումնասիրել են հայրն ու որդին։
«Ընդհանրապես ինչու՞ են հայրը եւ որդին վերադաս եւ ստորադաս դատարաններում։ Որքան ինձ հայտնի է, եղել են նաեւ այլ դեպքեր։ Կարելի՞ է այստեղ օբյեկտիվություն ակնկալել։ Սա արդյունք է այն բանի, որ գործերը դատավորներին վարույթ են հանձնվում դատարանների նախագահների կողմից», - նշեց Թաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ դա քաղաքական որոշման հետեւանք է։











