ԲԴԽ-ն ընդամենը թույլտվություն է տալիս քրեական հետապնդում սկսելու համար. հիմնավոր կասկածի որոշակի փոքր շեմ պետք է լինի, որ որ կարողանա վարույթ սկսել. ԲԴԽ-ն այդ հիմնավոր կասկածի փոքր շեմը տեսել է, թույլատրել է, ասել է՝ նախաքննական մարմին, հիմնավոր կասկածի որոշակի շեմ կա, թույլտվություն եմ տալիս, գնացեք, ձեր գործողություններն իրականացրեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդմանը:

Հարցին, թե արդյոք դատավոր Բախշիյանի արարքը կարգապահական վարույթի խնդիր չէր, որ միանգամից քրեական հետապնդում սկսելու եւ կալանովերելու թույլտվություն տրվեց ԲԴԽ-ի կողմից, Չիչոյանը խատասխանեց. «Այդ պահին կարգապահական վարույթի խնդիր չէր առաջացել, կար հիմնավոր կասկած քրեական արարքի հետ կապված ԲԴԽ-ն ընդամենը թույլտվություն է տվել նախաքննությունը շարւնակելու: Քննության արդյունքում ԲԴԽ բոլոր անդամներս եկել ենք նույն եզրակացության»: Չիչոյանը չցանկացավ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ՝ վկայակոչելով դրա գաղտնի լինելու հանգամանքը:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թիվը շատացել է, նա ասաց. «Կարգապահական մարմինը բերում է խորհուրդ, խորհուրդը քննարկում է: Հիմա թե ինչու է ակտիվացել վարույթ հարուցող մարմինը՝ նախարարությունը, չեմ կարող ասել: Երեւի բողոքների հիման վրա է դա կատարվում: Եթե նախարարությունը տեսնում է՝ հիմքեր կան, վարույթ է հարուցում, դիմում է ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ հիմքերի առկայության դեպքում քննություն է կատարում, եթե կա պատժելի արարք, պատժվում են»:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: