Լրատվամիջոցների հոսքը բավարար է, որ ողջամտորեն ենթադրես, որ, օրինակ, Աշոտ Երկաթին («Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան-խմբ) ազատելը իշխող քաղաքական թիմի սրտով չի լինի: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Ես այսօր ենթադրություն ունեմ, որ միգուցե իշխող քաղաքական թիմը այս գործին չի էլ խառնվել: Ես գտնում եմ, որ դատախազությունն այնքան է տարված իշխող քաղաքական թիմին ծառայություն մատուցելու եւ իշխող թիմի համար հաճելի  բան անելով, որ սա կարող է լինել դատախազության եւ ԲԴԽ-ի կողմից կազմակերպված քայլ, որը համաձայնեցված չի ավելի վերեւի հետ: Շատ հնարավոր է, որ իրենք դա անում են, որպեսզի դուր գան իշխող թիմին: Ես տեսնում եմ, որ անմեղծ անկաշառ դատավորը մեկ էլ հանկարծակի հայտնվում է ճաղերի հետեւում: Ես պետք է մտածեմ՝ լավ, ինչ՞ւ այսպես տեղի ունեցավ: Ես փաստական տվյալ չունեմ, որ զանգել ասել են՝ եթե այսպես անես, քեզ փակելու ենք:

Ես աշխարհի պատմության մեջ չեմ տեսել, որ դատավորի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկ էլ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից գնահատվի որպես ուղղակի դիտավորությամբ ապօրինի կլանավորում՝ առանց փաստական  տվյալի, եւ քրեական հետապնդում սկսվու ու դատավորին կալանավորեն: Այս երեւույթնէ իմ մոտ ողջամիտ ենթադրություն առաջացնում, որ այստեղ ինչ-որ ծառայություն է մատուցվում: Կամ սրանով դատավորներին ուզում են ցույց տալ, որ ներում-բեկում չի լինելու այն դատավորներին, որոնց գործելաոճը դատախազության սրտով չի»,-ասաց պաշտպանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանում այլեւս դատական իշխանության անկախություն գոյություն չունի. «Մենք դա այս գործով տապալեցինք: Եթե մինչ այդ կասկածներ ունեինք, հիմա արդեն պատասխանը կա, դատական իշխանությունն անկախ չի եւ Բորիս Բախշիյանի գործով ցույց են տալիս, որ անհողդողդ ենք լինելու անկախ դատավորի նկատմամբ, ընդհուպ մինչեւ կալանավորում»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, որը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Փետրվարի 16-ին Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։

Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և  նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով  գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։