Մեր գործն է այս պահին ինտենսիվ մտածել դատական գործերի նոր մակագրման համակարգ ստեղծելու մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն երկար ժամանակ է, որ դատական գործերը այս կամ այն դատավորին մակագրվում են ոչ թե համակարգչի միջոցով, այլ դատարանների նախագահների կողմից:
Հիշեցնենք, որ այդ համակարգիչը առգրավել է ԱԱԾ-ն՝ հարուցված քրեական գործի շրջնակներում:
«Մի կողմից մենք չենք կարող միջամտել քրեական գործին եւ ասել՝ շուտ արեք, մեզ պետք է մակագրման այս համակարգը, մյուս կողմից ԲԴԽ-ն եւ դատական դեպարտամենտն են այս ամենի տերը, պատասխանատուն:
Մենք որպես արդարադատության նախարարություն, ինքներս էլ մտահոգվում ենք: Ես հենց առաջին օրերին, երբ եղան այս զարգացումները, մեր մասնագետներին հատուկ հանձրարարական եմ տվել, խնդրել եմ մտածել՝ կա՞ ինչ-որ այլընտրանքային, միջանկյալ լուծում: Դեռ որեւէ խելքը գլխին իրավաբան, մասնագետ, ում հետ խորհրդակցել եմ, մի նորմալ այլ լուծում չի տալիս: Կամ պետք է վերադարձվի նախկին համակարգը՝ թեկուզ թերություններով, կամ պետք է ստեղծվի նորը, կամ պետք է փորձենք գոյատեւել ձեռքով մակագրումներով: Դրա համար մեր գործը այս պահին ինտենսիվ մտածել նոր մակագրման համակարգ ստեղծելու մասին եւ հույս ունենալ, որ քրեական գործն էլ այնպիսի ընթացք կունենա, որ թեկուզ թերություններով նախկինը կվերադարձվի դատական դեպարտամենտ»,-ասաց նախարարը:











