Ես տեղյակ չեմ, որ որեւէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կամ Միասնական սոցիալական ծառայությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով լուրին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառով սոցնախարարության աշխատակիցներից մեկին հեռացրել են աշխատանքից:

«Երկրում բոլորն էլ ունեն ազատ կարծիք եւ կամք  արտահայտելու հնարավորություն:

Կոնկրետ այդ դեպքով ես խորհուրդ եմ տալիս դիմել նախարարություն կամ Միասնական սոցիալական ծառայություն եւ ստանալ պարզաբանում: Հավաստիացնում եմ, որ առնվազն ես տեղյակ չեմ որեւէ մի դեպքի, երբ քաղաքական դիրքորոշման պատճառով որեւէ մեկը գործից ազատված լինի: Ի վերջո, եթե մեկին անհիմն, քաղաքական դիրքորոշման համար ազատել են, քաղաքացին կարող է դիմել դատարան: Մենք նաեւ այն գերատեսչությունն ենք, որը հետեւում է աշխատողների իրավունքների պաշտպանությանը, եւ տաօրինակ է նման հայտարարություն լսելը: Իմ հավաստիացումն է, որ նման դեպք չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մայիսի 28-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակիցներից մեկին՝ Աննա անունով, հեռացրել են աշխատանքից: Ուղիղ եթերում ինքը՝ Աննան եւս հաստատել է տեղեկությունը եւ մանրամասներ հայտնել:

«Ձեր քթից բերելու ենք». Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից