Ընդդիմադիր պատգամավորներից մանդատից զրկելու հարցը բոլորին է հուզում, տարբեր մակարդակներում քննարկումներ են տեղի ունենում: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ-ում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Անձամբ ես գտնում եմ, որ չարժե մանդատներից զրկել, դրանով որեւէ բան չի փոխվի, դրական տեղաշարժ չեմ տեսնում, որ կարող է լինել: Ուղղակի լավ կլիներ, եթե իրենքվերադառնային եւ աշխատեին ԱԺ-ում: Արմատական ընդդիմությունը եւս գործ ունի անելու խորհրդարանում: Իրենց աշխատանքի վայրը ԱԺ-ն է եւ դրա համար իրենք փող են ստանում պետությունից: Բացառված չէ, որ մանդատներից զրկելու գործընթաց սկսվի, բայց ես անձամբ հակված չեմ, որ պետք է դա անել»,-ասաց նա:
ՔՊ-ական պատգամավորը նկատեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չեն համարում, որ խորհրդարանը քաղաքական պայքարի վայր է, ապա ի սկզբանե չպետք է հայտնվեին ԱԺ-ում, չպետք է մասնակցեին ընտրություններին:
Նշենք, որ իշխող խմբակցությունում քննարկվում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատներից զրկելու հարցը՝ բացակայությունների հիմքով: Խոսքը մասնավորապես հետեւյալ պատգամավորների մասին է. «Արմեն Չարչյան, Իշխան Սաղաթելյան, Գեղամ Մանուկյան, Վահե Հակոբյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Արթուր Ղազինյան, Անդրանիկ Թևանյան, Ասպրամ Կրպեյան, Արթուր Վանեցյան»:











