ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած «MAN» եւ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով վերջինիս 17 եւ 15-ամյա ուղեւորները, ինչպես նաեւ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղեւորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաեւ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային եւ քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների եւ «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է։











