Արցախը խեղդամահ անելուց հետո Ադրբեջանը նախ կզբաղվի Սյունիքով անցնող միջանցք կոչվածի, իսկ հետո հենց Սյունիքի գրավմամբ։ Ադրբեջանը, հնարավոր է, անմիջապես չմտնի Երեւան, բայց մենք շրջապատված կլինենք մեծ Թուրքիայով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Մենք կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ հիմա Լեռնային Ղարաբաղն է, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ մեր ճանապարհները կվերահսկեն թուրքերը, իսկ Երեւանը կհայտնվի նույն վիճակում, որում այսօր հայտնվել է Ստեփանակերտը։

Ինչո՞ւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա գոնե մասամբ զսպել այդ մտադրությունները։ Ինչո՞ւ չեն զարգացնում հարաբերությունները Իրանի հետ, այլ հեքիաթներ են պատմում Արեւմուտքի օգնության մասին։ Ի՞նչ է անելու Ֆրանսիան։ Զորքե՞ր է մտցնելու այստեղ։ Թե՞ գոնե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է սահմանելու։ Ավելի քան մեկ ամիս է անցել Արցախի շրջափակումից։ Բայց Ռուսաստանի դեմ հարյուրավոր պատժամիջոցներ են սահմանվել»,- տարակուսանք հայտնեց փորձագետը։

Այս ամբողջ բլեֆի գինը, նրա գնահատմամբ, լինելու է Հայաստանի կորուստը։

Նա նշեց, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կան լուրջ տարաձայնություններ, իսկ Փաշինյանի ասուլիսը անվանեց շատ վտանգավոր։

«Մենք մոտենում ենք պետականության կորստին։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ բարեկեցիկ ապագայի համար անհրաժեշտ է հանձնել Արցախը եւ ազատվել Ռուսաստանից։ Արցախի անվտանգության միակ երաշխավորը խաղաղապահներն են։ Ուստի Արցախում չեն ուզում, որ Հայաստանի իշխանությունները մեղադրեն Ռուսաստանին»,- հավելեց Խաչիկյանը։