Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 30-ին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Հովհաննես Սարգսյանը։

Վկան դատարանին հայտնեց, որ իր ընկերն է Գասպարյանը. «Արամ Գասպարյանին առանց որեւէ բանի դատում են, որեւէ հանցագործություն նա չի արել»։

Վկան պատմեց, որ ինքն աշխատում է ԶՊՄԿ-ի անվտանգությունում, Գասպարյանն իր վերադասն է եղել։

Դատախազին հարցին՝ արդյո՞ք ինքը որեւէ քաղաքական ուժի սատարե՞լ է, վկան պատասխանեց, որ սատարել է «Հայաստան» դաշինքին։

Հարցին՝ բացի սատարելուց, քարոզարշավի աշխատանքներում նեգրավված եղե՞լ է, վկան ասաց՝ ոչ։

Դատախազին հարցին՝ իր ղեկավարությունից հանձնարարություն ստացե՞լ է ենթակա անձնակազմին ցուցակագրելու, նրանց քաղաքական կողմնորոշումները պարզելու համար, վկան ասաց՝ ոչ։

Դատախազի այն հարցին, թե ստորադաս աշխատակիցներին կաշկանդե՞լ է այդ հանգամանքը, վկան պատասխանեց՝ ոչ։

Գործով վկան պատմեց, որ ընտրարշավի մասին աշխատակիցների հետ ոչ իր, ոչ Գասպարյանի կողմից խոսակցություն չի եղել։

Անդրադառնալով իր աշխատակցի՝ Էդգար Առաքելյանի մոր հարցազրույցին, ինչպես նաեւ Գասպարյանի եւ իր նամակագրությանը, վկան պատմեց.

«Մայրը հարցազրույց էր տվել, որում ամբողջը սուտ էր, վերաբերում էր «Հայաստան» դաշինքին սատարողներին։ Ես էլ բարկացել եւ ասել եմ՝ շրջապատիցս կհեռացնեմ, ես իրավասու չէի անձին աշխատանքից հեռացնելու»։

Դատախազի այն պնդմանը, թե նամակագրությունում առկա են բազմաթիվ անձանց ցուցակներ, որոնցից մի քանիսը հանդիսանում են կոմբինատի աշխատակիցներ, վկան ասաց, որ նրանց ինքը չի էլ հիշում, նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ իր աշխատակիցների թիվը մոտ 250-ն է։

Մեղադրող դատախազը նաեւ հիշեցրեց նամակագրության այն մասը, թե Արամ Գասպարյանը վկային ասել է, որ այդ աշխատակիցներին արձակուրդ ձեւակերպեն, ինչին էլ վկան առաջարկել է, որ աշխատակիցներն իրենց հաշվին գնան արձակուրդ, վկան ասաց, որ այդպիսի դրվագ չի հիշում։

Գործով ամբաստանյալի պաշտպան Արամ Վարդեւանյանի դիտարկմանը, որ ստացվում է՝ բոլոր հանրային ծառայության մեջ գտնվող մարդիկ տեսնում էին, որ վարչապետի պաշտոնոկատարը սատարում է կոնկրետ քաղաքական ուժի, եւ հարցին՝ արդյո՞ք ինքն աշխատանքի վայրում հիշո՞ւմ է աշխատակիցների, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն էին սատարում, վկան ասաց՝ իհարկե։

Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Ըստ դատախազի՝ նախաքննության ընթացքում եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ հակասություններ կան։

Նախաքննության ընթացքում վկան ասել է, որ որպես քաղաքացի՝ իր հարազատների կամ ընկերների շրջապատում կոնկրետ դաշինքների կամ կուսակցությունների վերաբերյալ արտահայտել է իր կարծիքը՝ դժգոհությունը կամ հավանությունը.

«Ընտրությունների ժամանակ հավակնել եմ «Հայաստան» դաշինքին, եւ այդ մասին բազմիցս ասել եմ։ Չեմ համակրել կուսակցություններից մեկին, հաշվի առնելով մեր երկրում 2020 թվականից սկսված հայտնի դեպքերը, իմ շրջապատից, այսպես ասած՝ հանել եմ այն անձանց, որոնք եղել են այդ կուսակցության համակիրը»։

Վկան ասել է, որ որեւէ աշխատակցի հետ նախընտրական շտաբների գործունեության հետ կապված խոսակցություն չի ունեցել։

Անդրադառնալով իր աշխատակցի՝ Էդգար Առաքելյանի մոր հարցազրույցի մասին արված նամակագրությանը՝ նախաքննության ընթացքում վկան ասել է նույնը, ինչ՝ դատարանում. «Մինչեւ օրս Էդգարի հետ չեմ խոսել, նա մինչեւ օրս էլ աշխատում է ինձ մոտ։ Այսինքն՝ եղել է ընդամենը զայրույթ»։

Վկան դատարանում հայտարարեց, որ պնդում է նախաքննական ցուցմունքը։

Պաշտպան Վարդեւանյանի այն հարցին, թե վկան եւ Գասպարյանը կարո՞ղ էին իրար հետ աշխատակիցների տվյալներ քննարկել, վկան ասաց՝ կարող էին։

Հարցին՝ կարո՞ղ էին քննարկել տվյալ անձին հերթափոխից հանելու հարցը, վկան ասաց, որ կարող էին։

«Մեղադրողը, սակայն, այդ տարբերակը չի դիտարկում»,- նկատեց Վարդեւանյանը։

Նշենք, որ վկայի հարցաքննությունից հետո պաշտպանը դատարանին միջնորդել է Արամ Գասպարյանի խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել գրավով։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել է։ Նշենք, որ Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։