Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 30-ին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը Գասպարյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացրեց։

Ըստ պաշտպանի՝ Արամ Գասպարյանն ամենամեղմ հնարավոր քրեական հետապնդման տիրույթում է հոդվածների տեսանկյունից, բայց ամենաինտենսիվ միջամտության տիրույթում է կալանավորման ժամկետի տեսանկյունից.

«Նա 530 օր է՝ կալանավորված է։ Վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու նա։ 1973 թվականի ծնված, Արցախյան 3 պատերազմներին մասնակցած, ԱԱԾ փոխգնդապետ է Գասպարյանը։ Մինչեւ քրեական հետապնդման սկսվելը նա ունեցել է առողջական խնդիրներ, սակայն ոչ այն աստիճանի, որ հարազատների մոտ տագնապ լինի»։

Վարդեւանյանն ասաց, որ Գասպարյանն ունի ոտքի լրջագույն խնդիր. «Նաիրի ԲԿ-ից ստացվել է քաղվածքը, որը վերաբերում է նրա առողջական վիճակին։ Նա ունի կրկնակի վիրահատության կարիք։ Խափանման միջոցը երբեք չի կարող նպատակ ունենալ՝ առողջության քայքայելու։ Չի կարող մարդու նկատմամբ կալանավորումը վերածվել խոշտանգման»։

Արամ Վարդեւանյանը նշեց, որ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանուկյանի կողմից նույնպես կա գրություն, որ բացի աջ ծնկահոդի խնդրից նրա մոտ կա նաեւ զարկերակային հիպերտենզիա եւ առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ վերջերս ՔԿՀ է հրավիրվել շտապօգնության բրիգադ»։

Դատարանը լսելով կողմերին՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել է։ Նշենք, որ Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։