Եթե սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից օրինական պահանջ ներկայացվեր, մենք ծնողներով կխորհրդակցեինք, թե ոնց անենք, թույլ տա՞նք, թե թույլ չտանք, որ դավաճան իշխանությունը գտնվի «Եռաբլուրում»: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
«ՔԿ-ում առերեսման ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը ասել է, որ օրինական պահանջ չի եղել, անհատական ամեն մեկին մոտեցել են: Ինձ անձամբ չի մոտեցել ոչ մի ոստիկան: Որեւէ պահանջ չի բարձրաձայնվել, որ խնդրում ենք տարածքն ազատել, նաեւ շեշտեցին, որ սխալ են եղել կարմիր բերետավորները»,-ասաց նա:
Անդրադառնալով հունվարի 28-ին, Գալեյանն ասաց, որ այդ օրը ինչքան շիրիմ կար, այդքան ոստիկան էին բերել. «Ամբողջովին պատ էին կազմել: Եթե սեպտեմբերի 21-ին դիպուկահարները երեքն էին, հունվարի 28-ին արդեն 6-ն էին: Երեւի դիպուկահարները պատրաստ էին հրահանգի դեպքում՝ կրակել ծնողների վրա, եթե որեւէ ծնող ինչ-որ գործողություն անի: Այս անգամ բավականին պատրաստված էին, անգամ կին ոստիկաններ էին բերել, որ եթե մայրերին բերման ենթարկելու հարց առաջան, կին ոստիկանները դա անեն»,-ասաց նա:
Գալեյանը հայտարարեց, որ իշխանությունները փորձում են ծնողներին հունից հանել, սարքել մարդասպան. «Իրենք որ մեր երեխեքին տարել սպանել են, իրենց համար խնդիր չի մեզ էլ սպանելը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ:











