3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեռեւս նոյեմբերին հարցաքննվել է որպես վկա եւ ասել, որ այդ տարածքը երբեք իրենը չի եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
«Ընդամենը մի ցուցմունք կա, որը հակասություն է համարվում. այդ տարածքին հարակից տնտեսություն ունեցող անձն ասում է՝ լսել եմ, որ Գրիգորի Խաչատուրովի տարածքն է: Ես քննիչներին հարցրել եմ՝ կա՞ր նշանակություն Գրիգորի Խաչատուրովը դա կգրանցեր իր անունով, թե՞ էդգար Արշակյանի, ասել են՝ ոչ: Այսինքն՝ այլ անձի անունով գրանցելու խնդիր չի եղել ու չկա: Չկա տվյալ, որ նա փողերի լվացում է կատարել, դա ուղղակի վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն է: Էդգար Արշակյանը միշտ ասել է, որ դա իրեն պատկանող տարածք է, ինքն է դա ձեռք բերել, Խաչատուրովն էլ ասել է՝ դա երբեք իմը չի եղել»,- ասաց Հակոբ Ենոքյանը:
Փաստաբանի խոսքով՝ կա ուղղակի հայեցողություն, որ Խաչատուրովն անպայման կալանավորվի:
Ենոքյանն ասաց, որ նրա դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:
Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։
Նշենք, որ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ:











