Մենք մի իրավիճակում ենք, որ անհրաժեշտություն են կտրուկ փոփոխությունները, որպեսզի մենք մեր ապագան տեսնենք ավելի անվտանգ միջավայրում, իսկ դրա հիմնական դերակատարները մեր երիտասարդներն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին,  «Բեկում» համաերիտասարդական ֆորումին իր ելույթում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով՝ անվտանգության երաշխիքներն են՝ արդյունավետ կառավարումը, ժողովրդավարական հիմունքների տարածումը, մարդու իրավունքները, դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը, զինված ուժերի մարտունակությունը, իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, լայն ընդգրկվածությունը ունեցող, համարձական արտաքին քաղաքականությունը, սոցիալական արդարությունը, տնտեսության մակարդակը։

«Դրանք կարելի է բաժանել երկու հարթակների երաշխիքների ձեւավորման մեջ։ Առաջինը՝ ազգային երաշխիքներ, որը մեր ներքին ամրությունն է, մեր մարտունակությունն ու համախմբվածությունն է, երկրորդը միջազգային երաշխիքներն են, դա արտաքին քաղաքականությունն է, քաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում մեր դերն ու նշանակությունը մեզ ներկայացնելու արտաքին աշխարհում եւ մեր շահերը պաշտպանելու արտաքին աշխարհում։ Այդ երկու ուղղություններով աշխատանքի արդյունքով է, որ մենք նախկինում ունեցել ենք հաջողություններ»,- ընդգծեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ ռազմական ներուժի պոտենցիալի մասը երկրի տնտեսությունն է եւ դրա զարգացման մակարդակը. «Ի՞նչ եք կարծում՝ 40 հազար մարդիկ իրենց զենքո՞վ են ավելի հզոր, թե՞ 3 միլիոնն իրենց զենքով։ 3 միլիոնն են իրենց զենքով ավելի հզոր։ Երկրորդ ներուժը բանակն է՝ իր զորահավաքային պատրաստակամությամբ։ Երրորդը գաղափարական, ռազմահայրենասիրական դաստիարակությունն է»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի 30 տարվա պատմության ընթացքում ստեղծվել է անվտանգային կուռ համակարգ, որի հիմքում հենված են եղել Հայաստանն ու Արցախը. «Ընդ որում Հայաստանն ու Արցախը նախկին քարտեզով ծանրության կենտրոնն ընկնում էր Մարտունի քաղաքում։ Հայաստանը Արցախի հետ միասին կարողանում էր կայուն զարգանալ։ Արցախը սահմանապահն էր հայկական լեռնաշխարհի, բայց այսօր այս իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում։ Տեսնում ես, որ փորձում են ձեռքերը լվանալ մարդիկ, որոնք որ իրենց գործունեությամբ տապալել են ամբողջ բանակցային գործընթացը»։

Նա շեշտեց, որ 44-օրյա պատերազմին հայկական բանակն ունեցել է բոլոր նախապայմանները հաջողություններ ունենալու, հատկապես լեռնաանտառային պայմաններում, հենվելով աշխարհագրական դիրքրի վրա. «Եթե տեսնենք, թե հակառակորդի գլխավոր հարվածը որ ուղղությամբ է եղել այս պատերազմում, եղել է հարավային ուղղությամբ՝ Հադրութի, ամբողջ Պաշտպանության բանակը պաշտպանում էր 283 կմ հատված եւ այնտեղ, որտեղ հակառակորդը կուտակում է ուժեր, ապա միանշանակ է, որ մխրճումներ լինում են, բայց հետագայում խորությամբ այդ ուղին պաշտպանելու համար պատասխանատվությունը ոչ թե Պաշտպանության բանակի համար էր, այլ այդ ուղղությամբ պատասխանատվությունը ՀՀ զինված ուժերինն էր»։

Նրա խոսքով՝ աշխարհագրական դիրքը, սահմանային դասավորվածությունը, պաշտպանական համակարգի դասավորվածությունը զգալի մեծացրել է Հայաստանի առջեւ դրված խնդիրները. «Հայկական բանակը որոշակի առումով կորցրել է իր մարտունակությունը։

Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական այն իրավիճակը. «Ճիշտ չգնահատելով իրավիճակը ՀՀ իշխանությունները խրախուսել են այդ ամբողջ պարտությունը՝ կոչումներ, շքանշաններ, հերոսներ տալով եւ իշխանության ղեկավարն ասում է՝ ինձ ինչ ներկայացրել են, նույնը ես ներկայացրել եմ նախագահին»։