Տպավորությունս, ընդհանուր առմամբ, ժողովրդագրական ռազմավարության մշակման վերաբերյալ քննարկումից դառն էր, որովհետեւ ժողովրդագրական վիճակի հետ կապված մենք բոլորիս հետ հայտնի խնդիր ունենք շատ երկար ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաեւ լավ նորությունն այն էր, որ հետազոտության արդյունքներն ասում էին, որ եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, մենք կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ շոշափելի, տեսանելի փոփոխություն մտցնել: Ըստ էության, հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարեւորագույն հանգամանքը որակյալ  կյանքի ենթակառուցվածքի ու միջավայրի ձեւավորումն է:

Հարցը նույնիսկ մի քիչ հասավ քաղաքական քննարկման, որտեղ հարց բարձրացվեց, թե արդյոք մենք  հաշվարկել ենք, թե խաղաղությունն ինչ ազդեցություն կունենա, կամ պատերազմն ինչ ազդեցություն կունենա կամ ունեցել է: Ընդհանուր առմամբ  շարունակում ենք աշխատանքը, դա նախապատրաստական նշանակություն ունի ժողովրդագրության ռազմավարության մշակման առումով»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս ոլորտում երկու դիտարկում կա. «Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք երբեմն չգիտակցելով երեխայի ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք սոցիալական ինչ-որ գումար ստանալու միջոց: Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների, հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա:

Ժողովրդագրության առումով կարեւոր նշանակություն ունի, պայմանական ասած, ակտիվ ծերության հանգամանքը: Մենք օրենսդրական որոշակի փոփոխություններով փորձում ենք այնպես անել, որ կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցներին մաքսիմալ ակտիվ վիճակում պահենք: Բայց դրա համար մի պյման կա, նրանք պետք է առողջ լինեն»,-ընդգծեց Փաշինյանը: