Այն տարածքում, որը Ադրբեջանը համարում է իրենը, գոյություն ունի Արցախի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ինչ էլ որ այնտեղ ասեն, այդ տարածքի վրա ադրբեջանական իշխանությունը չի տարածվում։ Այնտեղ մարդիկ խոսում են այլ լեզվով, օգտվում են այլ բանկային համակարգից, կապի այլ համակարգից, նրանք ունեն այլ Սահմանադրություն, այլ ընտրված իշխանություն»,-հավելեց քաղաքագետը։

Նա նկատեց, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի դե ֆակտո, դա գոյություն ունեցող պետական կազմավորում է, չճանաչված, բայց գոյություն ունեցող։

«Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ, Ադրբեջանը Հայաստանի կողմից սպառնալիք չի զգում։ Համապատասխանաբար, խաղաղության պայմանագիր Բաքվին պետք չէ, նրանց պետք է Լեռնային Ղարաբաղը։ Եվ, համապատասխանաբար, խնդիրը կա, այն մնում է եւ կլուծվի ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ թուղթ ստորագրվի, այլ երբ իրականում Ադրբեջանը կարողանա իրականացնել այն, ինչ ուզում է։ Նա դրան փորձում է հասնել դանդաղ, տարբեր քայլերով։ Ադրբեջանը ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրական կարգավիճակի փոփոխության։ Քանի դեռ դա այդպես չէ, Արցախը գոյություն ունի»,-ընդգծեց Իսկանդարյանը։

 Նա փաստեց, որ Բաքուն Լաչինի ճանապարհին իսկապես հսկիչ անցակետ է տեղադրել,  թեեւ դա այդպես չի կոչվում։

«Նույնիսկ Ալիեւի հռետորաբանությունն է փոխվել։ Նա արդեն չի ասում, որ դրանք բնապահպան ակտիվիստներ են, այլ ասում է, որ մենք դեմ ենք զենքի տեղափոխմանը։ Ադրբեջանը ցանկանում է վերահսկողության տակ առնել ճանապարհը»,-նշեց փորձագետը։

Նա չբացառեց, որ Լաչինի միջանցքում կարող են ռենտգեն սարք տեղադրել, որից հետո ադրբեջանցիները կասեն, որ այդ սքաներից տեղեկատվությունն ուղիղ մտնում է Ալիեւի աշխատասենյակ, իսկ հայերը կասեն, որ դրանք ռուսներ են, ոչ թե ադրբեջանցիներ։ Արդյունքում իրենց բոլոր հռետորաբանությունները կմշակվեն։

«Բայց իրականությունն ակնհայտ է։ Ադրբեջանն ասում է՝ մեզ հետ կխոսեն այն մարդիկ, որոնց հետ մենք համաձայն կլինենք, մենք նրանց կընտրենք։ Ռուբեն Վարդանյանը ոչ թե պատճառ է, այլ պատրվակ։  Բաքուն ասում է՝ մենք կորոշենք, թե ում կթույլատրվի, ում՝ ոչ։ Դա ճնշման ձեւ է՝ ԼՂՀ-ի գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու գաղափարով։ Հիմնական խնդիրը միջանցքի բացումը չէ։ Հայկական կողմի համար խնդիրն այն է, որ հարաբերությունների այնպիսի ձեւաչափ հաստատվի, որ նման բաներն անհնարին դառնան, իսկ դա չի ստացվում։ Իսկ եթե այդպես է, ապա ճնշումը չի վերանա, Բաքուն չի հրաժարվի իր նպատակներից։ Ինչո՞ւ էին նոր ճանապարհ կառուցում։ Որպեսզի դա տեղի ունենա: Ինչո՞ւ են կանգնել Լաչինի միջանցքում։ Որպեսզի կարողանան ճնշել։ Ինչո՞ւ էին պահանջում հենց Ռուբեն Վարդանյանի հրաժարականը։ Ալիեւն ուղիղ ձեւով ասում է՝ Լեռնային Ղարաբաղում կապրեն այն հայերը, ում մենք կընտրենք։ Ճնշում է գործադրվում, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ունենա ազդել այն ամենի վրա, ինչ կատարվում է ԼՂՀ ներսում։ Դա արդեն տեղի է ունենում: Ինչո՞ւ Ալիեւին մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական իրավիճակն այդքան չէր հուզում։ Ինչո՞ւ են նրանք հիմա անում այն, ինչ անում են: Որովհետեւ կարող են»,- եզրափակեց Իսկանդարյանը։