Երեւանում բնակվող Վահան Գրիգորյանը օրերս նշեց իր ծննդյան 100-րդ տարեդարձը։ Հոբելյանական օրը Վահան պապի հետ անցկացնելու համար նրանց տանն էր հավաքվել ամբողջ գերդաստանը, երկար տարիների հարեւանները։ Գրիգորյանների ուրախությունը կիսելու համար նրանց այցելել էր նաեւ «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Երբ իմացա, որ լրանում է Վահան պապիկի 100-ամյակը, խնդրեցի կազմակերպել մեր այցելությունը, որպեսզի այս տոնը միասին նշենք։ Մենք նույն տարածքի բնակիչ ենք, բայց ես առաջին անգամ եմ հյուրընկալվել այստեղ։ Շատ ուրախ եմ այս ծանոթության համար։ Մաղթում եմ, որ Վահան պապի կյանքում լինեն երջանիկ ու առողջ օրեր, որ նրա գերդաստանը լինի միասնական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Թարվերդյանը։

Վահան պապը հարազատ բնակավայրում «Վարպետ» անունով է հայտնի, հյուսն է։ 56 տարի աշխատել է դպրոցում որպես հյուսն, նաեւ աշխատանքի ուսուցում է դասավանդել։

«Ես շատ ուրախ եմ այս այցելության համար։ Առհասարակ Մոնումենտի ժողովուրդը հենց այս հոգատարությամբ է առանձնանում, մենք միասնական ենք, ուրիշ ենք»,- նշեց Վահան պապը։

Վահան պապն ունի 4 երեխա, 8 թոռ, 13 ծոռ։

«Որպես մոնումենտցի՝ իմ հայրիկը ճանաչել է Երվանդ Թարվերդյանի հայրիկին։ Ես շատ շնորհակալ եմ, որ Երվանդ Թարվերդյանը նման մեծ ուրախություն եւ ուշադրություն պարգեւեց իմ հայրիկին»,- ասաց Վահան Գրիգորյանի ավագ դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը։

Վահան պապը Երվանդ Թարվերդյանի հետ պայմանավորվել է՝ միասին են նշելու նրա հաջորդ տարեդարձները։