Երբ ոստիկանների միջոցով ուզում են 15-20 հոգու բանալիներ տրամադրեն, մենք էգոիստ չենք, որ զբաղվենք միայն մեր խնդրով, մեր պես  ինչքան մարդիկ կան, որ ունեն բնակարանի խնդիր, կամ թող վերահսկեն տան վարձի գները, կամ թող ընդհանուր ծրագիր մշակեն ու շենքեր կառուցեն: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Էդ ո՞ր քաղաքապետը, մարզպետը կամ համայնքապետն է իր տարածքում անօթեւաններին կանչել ու մի հարցի լուծում տվել: Մենք հենարան ենք ուզում, որ իմանանք, թե վաղն ինչի համար պետք է պայքար մղենք: Հիմա ես բնակարանի կարի ունեցող բոլոր մարդկանց կոչ եմ անում գալ ՊՆ նախկին շենքի մոտ, այնտեղ բանալի են տալիս, գնացեք ու ստացեք, թեկուղ 15 քմ: Տեսնենք կարողանաո՞ւ են բոլորին բնակարանով ապահովել: Այստեղ խնդիրը ավելի խորքային է, հեկտարներով տարածքները թող տրամադրեն բնակարանաշինությանը: Մենք հող ենք ուզում, որ կարողանանք վրան եւ աթոռ դնել, եւ տուն կառուցել:

Որ մեզ հանեցին գցեցին փողոցները, ո՞վ է մեր իրավունքները պաշտպանելու, եկեք դրանով զբաղվեք, ոչ թե ոստիկանների միջոցով 15-20 ընտանիքի բանալիներ շպրտեք 15 քմ տարածքով: Այս հարցը մնալու է այնքան ժամանակ, մինչեւ սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային  խնդիրները չապահովեն»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12  ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել եւ բնակվում են այդտեղ: