Տեղ գյուղում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, խուճապ չկա, մարդիկ զբաղվում են իրենց այգեգործական, դաշտային աշխատանքներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը:
«Որոշ տեղերում ադրբեջանիցների կողմից առաջխաղացում կա, արոտավայրերից որոշներն անցել են իրենց: Հուսով եմ՝ փոփոխություններ վերջնական կլինի սահմանազատման ժամանակ: Հույսով սպասում ենք: Իմ ցորենի դաշտը մնացել է իրենց, ինժեներական աշխատաքններ են արել, վրան են խփել, տեղավորվել: չենք թողնի իրենց, դեռ սպասենք, տեսնենք՝ կառավարությունից ինչ արձագանք կա, մեկ է ժողովուրդը սաղն էլ պատրաստ են: Ավելի լավ է մեռնես, հերոս դառնաս, քո երեխեն քեզնից հետո ազատ ապրի, քանի էդ կարգավիճակով ապրես:
Ադրբեջանական լրատվամիջոցներից իմանում ենք, որ Մեղրիի միջանցք են ուզում, մեր կառավարությունը հերքում է, ասում է՝ էդպիսի բան չկա, բայց Ալիեւն էլ ասում է՝ Զանգեզուր: հենց գալիս է, տեղի է ունենում, ասում են՝ դե պիտի հարմարվենք: Եթե բանակցում ենք, ինչու պետք է վերջին օրը ադրբեջանցիներից իմանանք, որ իրենք տեղավորվել են: Թող նախօրոք ասեին, մենք մեր հողը կպաշտպանեինք: Քանի որ դա բուֆերային գոտի էր, զորք չկար ոչ մեր կողմից, ոչ իրենց: Ճանապարհը վերահսկում էին ռուս խաղաղապահները»,-ասաց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ ինքը մուծել է նաեւ այն հողի հարկը, որտեղ այս պահին նստած է ադրբեջանցին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` 12 կմ հատվածից 7 կմ-ում՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, Զեյնալյանը նշեց․ «Այո, տեղեր կան ադրբեջանցիները հետ են գնացել։ 2020թ․ պայմանագրով, որտեղ որ կանգնած են եղել, հեռացել են այդ բարձունքները։ Քանի որ դա բուֆերային գոտի էր, 2,5 կմ այս կողմում և 2,5կմ իրենց կողմում զորք չկար։ Այդ ճանապարհը վերահսկում էին ռուս խաղաղապահները: Բայց դե բարելավումը էն է, որ մեր դաշտերը տան մեզ, իրենք էլ գնան էնտեղ, որտեղից եկել են»:
Մասիս Զեյնալյանը նաեւ նշեց, որ հայկական կողմից հիմա էլ հենակետ չկա, մի մեքենա է, որտեղ գիշերում են հերթապահ ոստիկանները. «Ես այդ հարցը բարձրացրել եմ, հետո իմ ու ոստիկանների միջեւ վեճ է տեղի ունեցել: Ես ասել եմ՝ եթե ձեզ բերել են պաշտպանելու, ձեզ չեն բերել գյուղացիներին արգելելու, գնացեք թուրքի դեմը կանգնեք»:
Նա հավելեց, որ ի տարբերություն հայ ոստիկանների, ադրբեջանցիները մեքենայի մեջ չեն գիշերում, իրենք վրաններում են, փայտ էլ ունեն:
Հարցին, թե Տեղ գնալը ազա՞տ է, նա դրական խպատասխան տվեց՝ հավելելով, որ գյուղ մտնելն ազատ է, բայց դեպի քո հողամասը գնալն ազատ չի:
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում էին Սյունիքում ապագա կա, Տեղում ապագա կա, Մասիս Զեյնալյանն արձագանքեց. «Երեւանում միգուցե ապագան լավ չեն տեսնում, մենք այդ ապագան ոչ թե տեսնում ենք, այլ մեր մաշկի վրա ենք զգում: Եթե մարդն իր ուտելու հացը առանց մի կրակոցի պետք է տա Ադրբեջանին, դրա ի՞նչն է ապագա: Հիմա դիմադիր ու ընդդիմադիրի ժամանակը չի, պետք է համախմբվենք, զենք, զինամթերք առնենք, որ պաշտպանենք երկիրը: Գյուղացին իր հույսը դրել է կառավարության վրա, նա չգիտի՝ ինչպես ապրի, թիթեռի կյանքով է ապրում: Մենք մեզ մենակ չենք զգում, բանակը կանգնած է, ուժեղ է, մենք էլ բանակի թիկունքին ենք: Եթե բնակիչը գնա, բանակը կկոտրվի: Մենք գնալու մտադրություն չունենք, ո՞ւր գնանք, գնանք Երեւան, բնակարանների մեջ վիզներս ծռենք, տեսնենք՝ ով է ինչ տալի, որ յոլա գնա՞նք»:
Նշենք, որ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











