Հույս ունեմ՝ ծանոթ եք «Պատգամավորի գործողության մասին» օրենքին, պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանում է նույն օրենքի հոդված 3-ում, որտեղ, 2-րդ մասի 8-րդ կետում: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում դիմելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Նա հիշեցրեց, որ օրենքում հստակ ձևակերպված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ նա շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

«Դուք ներկայացնում եք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, մեկին որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ, դուք, որպես պատգամավոր ձեր և ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով և հիմա դուք ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Դուք որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,-հարցրեց Կյուրեղյանը:

Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշեց «շատ վատ»:

«Այո՛, իրականում պետք է չտրվել սադրանքներին, չտրվել էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է  չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ՝ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ ու հետո  և ինչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ունեցել», - ասաց նա:

Ակնարկելով Էդգար Ղազարյանին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, որը ոչ մեկ անգամ անվանարկել է ՀՀ ժողովրդին, ինչը կրկնել է նաև հանձնաժողովի նիստին:

«Ես ինձ կարող եմ թույլ տալ և  ենթադրություն հայտնել, որ այդ ամենը նախօրոք շատ լավ, գրագետ, կամ՝ ոչ գրագետ, կազմակերպած գործընթաց էր, որը ղեկավարվում էր այդ օրը ձեր կողմից գործուղված հանձնաժողովի նախագահի միջոցով»,-հայտարարեց ՔՊ կուսակցության քարտուղարը, և հավելեց. «Դուք ձեր բերանով այլևս չեք անվանարկում հայ ժողովրդին, որովհետև դրա պտուղներն արդեն քաղել եք և հիմա ուղարկում եք մարդկանց, որոնք ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին և իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան»:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե թույլ չի տա որևէ մեկին 2018 թվականի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական:

Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ Հովհաննիսյանի պատասխանից ենթադրեց, որ իշխող խմբակցությունը ցանկանում էր այնպիսի սադրանք կազմակերպել հանձնաժողովի նիստում, որի արդյունքում կունենային ծեծկռտուք և պատասխան կտայիք նախորդ իրավիճակին. «Բայց, փաստորեն, չստացվեց և դուք ինքներդ խառնվեցիք և ընկաք ծուղակի մեջ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և  շեշտեց, թե Արթուր Հովհաննիսյանը շրջանցում է հարցը և խուսափում պատասխանել հարցին, թե արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել նիստին ներկաներից և կրել պատիժ: