Մհեր Սահակյանը բազմիցս հորդորել է, որ Վլադիմիր Վարդանյանը պատշաճ վարք դրսեւորի, դրանից հետո նույն ոճը կրկնվել է, տոնը ավելի բարձրացնելով մոտեցել է Մհեր Սահակյանին եւ վերջինս դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:
«Խնդիրն այն է, որ ԱԺ-ում պարբերաբար տեղի են ունենում նման միջադեպեր, իշխանությունները պատժի չեն արժանանում: Նույն գործելաոճը օրեր առաջ տեղի է ունեցել նաեւ մեր մյուս գործընկերոջ՝ Թադեւոս Ավետիսյանի հետ: Նա ելույթ էր ունենում եւ Սիսակ Գաբրիելյանը դրսեւորեց պատգմավորին ոչ վայել վարքագիծ՝ մոտենալով, սադրելով, սադրանք հրահրելով: Այսինքն նման միջադեպ կարող էր նաեւ Թադեւոս Ավետիսյանի հետ տեղի ունենալ եւ յուրաքանչյուրի հետ: Անպատժելիության մթնոլորտը օր օրի ավելանում է:
Խնդիրն այն է, որ այդ բոլորին համապատասխան գնահատական չի տրվում, իսկ այսօր ականատես ենք լինում քաղաքական որոշման, երբ դատախազությունը գալիս է ԱԺ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Մենք ականատես ենք ընտրովի արդարադատության, եւ մեր խնդիրը դրա դեմն առնելն են:
Մհեր Սահակյանն էլ, եթե օրենքն անցել է, պատրաստ է համապատասխան պատասխանատվությունը կրել, ոչ թե գործ սարքելու, ոչ թե ավելորդ բաներ իրեն վերագրելու»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով Մհեր Սահակյանի «գլխին սարքո՞ւմ են», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այս ամենը դրա վառ օրինակն է: Սկզբից ասացին՝ ինչ-որ բանով է հարվածել, հետո հերքվեց: Հիմա նաեւ պարզվում է, որ Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կացել, իր ընկնելու վայրն էլ է հայտնի: Հնարավոր չէ մեկին իր նստած տեղում հարվածեն, ինքը 3-4 մետր այն կողմ թռնի, ընկնի»:
Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ այս պահին Մհեր Սահակյանի կալանավորման գործընթաց չկա, բայց չի բացառվում, որ մի օր նաեւ կալանքի հարց բարձրացվի, ինքը դրանից չի զարմանա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունում Մհեր Սահակյանի գրպանում ինչ-որ սուր-կտրող առարկա են գտել, Դանիելյանը նկատեց. «Մարդու գրպանում տարբեր առարկաներ կարող են լինել, վտանգավոր բան չի եղել»:
Նա նաեւ հավելեց. «Հայաստանում ամեն օր քաղաքացիներն իրենց քաղաքական հայացքների համար բռնությունների, հալածանքների են ենթարկվում, եւ ՄԻՊ-ի այս թեկնածուի առաջադրումը փաստում է, որ իշխանությունն ուզուրպացվում է, բոլոր համակարգերը պետք է լինեն իրենց լոյալ, իրենց հետ համերաշխ, իրենց որոշումները դակող մարդիկ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 31-ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել:
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։
Նշենք՝ Մհեր Սահակյանն ասել էր, որ մեկ անգամ է հարվածել Վարդանյանին՝ ինքնապաշտպանության նկատառումից ելնելով, իր ձեռքին չի եղել որևէ գործիք:
«Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները՝ բռի կերպով: Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ ում վրա ուզի, կարող է գոռալ: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- պատմել է Մհեր Սահակյանը:
Այսօր դատախազությունը եկել է ԱԺ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու թույլտվություն ստանալու հարցով:











