Իհարկե՝ ինձ անվտանգ եմ զգում, նման երեւույթներ կարող են լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պտգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ադրբեջանցի զինծառայողներ են ներթափանցել Հայաստանի տարածք, մտել գյուղեր, որոնցից մեկը ձերբակալվել է:
«Ես չգիտեմ՝ իրապես այդ զինվորականները շփոթվել են, կորցրել են օրիենտիրը, թե այլ դավադրական նպատակներ ունեն: Հատուկ ծառայություններ կան, որոնք դրանով զբաղվում են եւ կպարզեն»,-ասաց Աղազարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդքան խորացել են Հայաստանի տարածքում, նա պատասխանեց. «Դա այդքան դժվար բան չի: Շատ հավանական է, որ իրենց ծնողներն այդ մասերում ապրել են եւ մանրամասն ունեն տեղեկատվություն, թե ոնց, որտեղ, ուր գնան: Հետեւաբար դա շատ արտառոց բան չի: Վատ բան է, բայց արտառոց չի»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Նշենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնք։











