Նախօրեին Ադրբեջանի կողմից տեղի ունեցած սադրանքի մասին տեղեկացվել է Հայաստանում ԵՄ առաքելությանը, այսօր արդեն Եմ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմն իրենց տեղեկացրել է ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նաեւ նրանք նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են: Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք գոյություն ունի արագ արձագանքման մեխանիզմ ԵՄ կողմից, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բնականաբար այդպիսի իրավիճակներում մենք անմիջապես տեղեկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում ԵՄ-ին, ԵՄ առանձին երկրներին: Այդ տեղեկացմամբ հայցում ենք նրանց անմիջապես եւ արագ արձագանքը»: