Դիվանագիտական խողովակներով 2016 թվականի հունվարին սեղանին դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մի փաստաթուղթ, որը Հայաստանը մերժել է, դրանից երկու ամիս անց սկսվել է պատերազմ, որը ըստ իշխանության մենք հաղթել ենք, բայց սեղանին է դրվել այն նույն մերժված փաստաթուղթը՝ ավելի վատ տարբերակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ պատերազմի ընթացքում մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել։

«44-օրյա պատերազմի ընթացքում կամ ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի մի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես է 2016-2017 թվականին ինչ-որ հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել, որ եթե մենք չգնանք էական զիջումների, կերգենք Ստեփանակերտ, Ստեփանակերտ երգը։ Բա եթե այդքան մարտունակ էր բանակը, ինչո՞ւ էիք այդ երգը երգում։ Մարտունակ բանակի պարագայում այլ երգ պետք է երգեինք։ Մենք օդի՞ց ենք ընկել, չգիտե՞նք՝ այդ ժամանակվա բանակն ինչ էր նշանակում։ Հո ասելով չի՞»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ 44-օրյա պատերազմի որեւէ մասնակից կարող է բողոքել զենքերի պակասից։ Նրա խոսքով հակառակը՝ որոշ զինվորականներ միլիարդների զենքերով պահեստները թողել, փախել են։

«Չե՞ք տեսել, որ ադրբեջանցիները գրաված զորամասի տեսանյութեր են անում՝ պահեստներում՝ լիքը զենք։ Իսկ 2016 թվականին չե՞նք հիշում ինչ խնդիր է եղել։ Երբ 2016 թվականին այս ամբիոնից վարչապետն ասաց, որ դիզվառելիքի խնդիր է եղել։ Որեւէ մեկը կարո՞ղ է ի հայտ բերել այդ պատերազմի ընթացքում մեր, որպես ընդդիմության, իշխանության դեմ արված որեւէ հայտարարություն։ Մենք ընդդիմադիր եղել ենք, մենք հինգերորդ շարասյուն չենք եղել։ Մենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ չենք եղել։ Իրենք ինչ արել են՝ ոչ սեփական գաղափար, ոչ էլ տեսլական են ունեցել։ Իրենց հանձնարավել է՝ գործել են։ Մեր ամբողջ սպայական կազմին իրենք բարոյապես կոտրել են՝ ձեզ հայտնի որոշ գեներալների աշխատանքային սխեմաների ներքո աշխատացնելով»,- ընդգծեց նա։