Հուսանք՝ մարդիկ կարթնանան ու կմիանան մեզ, որովհետեւ սա միայն մեզ չի վերաբերում, միայն մեր գործը չի, մենք կորցնում ենք մեր երկիրը, իսկ մարդկանց մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ տիկին Աննան:

«Այստեղ մենք այդ տպավորությունն ենք ստանում: Հետաքրքրվում են նրանք, որոնք միշտ են հետաքրքրվել, մնացածի պետքն էլ չի: Տեսնենք՝ այսօր ինչ կլինի: Միգուցե ճանապարհը փակելուց, այս հնչողությունը ստանալուց հետո ինչ-որ մի մասսա տեղից կշարժվի»,-ասաց տիկին Աննան:

Նա նկատեց, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների զնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործն ընթացքի մեջ է, ամեն ինչը պարզ է, բոլոր ոստիկանների դեմքերը նույնականացված է, ու մինչեւ հիմա ոչինչ չի արվել, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, ականատեսներին շատերին չեն հարցաքննել. «Ոչինչ չի արվում, որովհետեւ չեն ուզում իրենց սխալն ընդունել: Իրենք մեր դեմ հայց են ներկայացրել, իբր մենք չենք ենթարկվել իրենց օրինական պահանջին, որը իրականում չի եղել: Ու իրենք դատարան չեն գալիս: Եթե այդքան ազնիվ եք, եթե այդքան վստահ եք ձեր արարքի վրա, ինչու չեք գալիս դատարան»,-ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։