Ասուլիսներից մեկում ասել էիք, որ հաջողություններ եք ունեցել բազմաթիվ ոլորտներում, բայց կոնկրետ անվտանգության ոլորտում ձախողել եք. Այո՝ ձախողել եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ոչ թե մեկ տարվա գործունեության արդյունքներն է ներկայացնում այլ նախընտրական քարոզարշավի բառապաշարով է խոսում:

«Օրինակ՝ հույս ունեք, որ խաղաղություն կարող է լինել, օրինակ, հույս ունեք, որ ապաշրջափակում կարող է լինել»,-հայտարարեց պատգամավորը և փաստեց, որ որևէ մեկը տեղյակ չէ, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ինչ է անում, կամ ապաշրջափակման գործընթացն ուր է հասել:

«Ճիշտ հակառակը՝ այն նույն ժամանակ, երբ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրում տարածքներ են շրջափակվում, տարածքներ են փակվում, առանձին ճանապարհներ գտնվում են ադրբեջանական հսկողության ներքո՝ ոչ միայն միջհամայնքային, այլև միջպետական: Ձեր հիմնական թեզը խաղաղությունն է, այդ խաղաղությունն որտե՞ղ է, օրինակ՝ Տեղ գյուղո՞ւմ է: Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը, կամ կապանցի այն ընտանիքում խաղաղություն եկա՞վ, որտեղ ադրբեջանցին, ենթադրաբար, սպանել է ընտանիքի անդամներից մեկին:

Հետևաբար՝ այստեղ դուք պետք է խոսեք ոչ նրա մասին, որ հույս ունեք, որ նման բան պետք է լինի, այլ պետք է խոսեք, թե ձեր տված խոստումների համատեքստում մեկ տարվա ընթացքում ինչ եք արել, որ մոտեցնենք խաղաղությունը, բայց դուք այդ չեք կարող ասել, որովհետև չեք մոտեցրել»,-հայտարարեց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այսօր եկել ասում է, թե ինչ ինքնորոշման իրավունքի մասին է խոսքը: