Ես կոչ եմ անում պարոն Մանուկյանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան-խմբ)  միանալ մեզ, մեզ հետ գալ Թուրքիա եւ այն, ինչ ասվել է պարոն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Թուրքիայի վերաբերյալ, Ադրբեջանի վերաբերյալ, ինչ մտածում եք, եկեք այնտեղ ասեք, պարոն Մանուկյան: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Ինձ թվում է՝ դա շատ ավելի լավ հարթակ է, քան այստեղ կամ փողոցում Թուրքիայի հասցեին արտահայտություններ անելը: Ես կարծում եմ՝ դա ավելի արդյունավետ է Հայաստանի համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում է նաեւ Թուրքիայի հետ բանակցող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Գեւորգ Պապոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերի պաշտպանությունը չի ճանաչում նեղ մասնագիտացումներ: Եթե օրինակ, որեւէ մի անձ դիվանագիտության մեջ բավականին փորձառություն ունի եւ կարող է Հայաստանը ներկայացնել այս կամ այն հարաբերություններում, ես կարծում եմ՝ այդ մարդու ներուժը պետք է օգտագործել, չպետք է ասել՝ եթե դու գնում Մոսկվայում բանակցում ես, դու չես կարող Վաշինգտոնում լինես, կամ եթե դու գնում, թուրքերի հետ ես բանակցում, դու չես կարող անգլիացիների հետ բանակցես: Այդ տրամաբանությունը շատ աբսուրդային է: Այն ներուժը, որ այստեղ կա, բոլորս պետք է օգտագործենք: Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է  թուրքերի հետ լավ բանակցել՝ եկեք դուք էլ ներառվեք, գնացեք, բանակցեք»:

Նշենք, որ մինչ այդ «Հայաստան» խմբակցությունից» Գեղամ Մանուկյանը  հարցրել էր, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։