Հստակ նարատիվ են փորձում առաջ տանել մեր ընդդիմադիր գործընկերները. կրկին ջղաձգվել են երեւի հանդիպումների վայրով պայմանավորված եւ հիմա փորձում են սրել իրավիճակը, էլի գալ խոսել ծեծված թեմաներից ու հետո թողնել գնալ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության նարատիվները անվանելով կեղծ ու սուտ:
«Շատ ծիծաղելի է, երբ, օրինակ, մի մարդ, ով բոլոր հնարավոր լուրերի համաձայն՝ կերել է մանկատան երեխաների տների փողերը, գալիս է էստեղ ու տպավորություն է, որ բեղ են պահել, որ իրենց չճանաչեն: Գալիս էն էստեղ ու ասում են՝ ով թուլացրել է բանակը, պետք է պատժվի, ով պետության հիմքերն է խարխլել, պետք է պատժվի, նա այստեղ պետք է չլինի: Բա դուք այստեղ ի՞նչ գործ ունեք, որ տենց տեքստեր եք ասում: Եթե «Հայաստան» դաշինքի այսօրվա ասած տեքստերը իրականություն դառնային, իրենք պարզապես, լավագույն տարբերակում, չգիտեմ որտեղ էին լինելու: Այստեղ հաստատ չէին լինելու:
Կամ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը (նկատի ունի Հայկ Մամիջանյանին-խմբ) արդեն սարքել է սովորություն, գալիս է, էստեղից հայտարարում է՝ ՀՀ իշխանությունները հող են նախապատրաստել Ադրբեջանի ագրեսիայի համար: Այդպիսի հայտարարություն անողը պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ: Եթե միամիտ է ստացվում նման արտահայտությունը, մտածեք, նոր խոսեք»,-հայտարարեց Արթուր հովհաննիսյանը:
Նա կոչ արեց մեր հայրենակիցներին հեռուստացույցով ընդդիմադիր պատգամավոր տեսնելիս փոխել ալիքը. «Որովհետեւ ստի ու կեղծիքի չափաբաժինը չափազանց մեծ է, իրենց հիմնական նարատիվները կառուցված են ստի ու կեղծիքի վրա:
Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին, ապա ՀՀ իշխանությունները շարունակում են օրնիբուն իրենց աշխատանքը՝ ՀՀ սահմաններին խաղաղություն ապահովելու, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար եւ կապ չունի, թե աշխարհի որ կետում մենք կպաշտպանենք մեր պետության եւ Արցախի մեր հայրենակիցների իրավունքները, կլինի Վաշինգտոնում, մոսկվայում, Բրյուսելում, թե օրինակ, Սինգապուրում»,-իր խոսքն ամփոփեց ՔՊ-ական պատգամավորը:











