Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ  էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է երերում. Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել  համազգային համախմբման միջոցով:

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա համաձայն է, որ ընդդիմության փողոցային պայքարը նպատակին չի ծառայել:

«Ճի՛շտ է, փողոցային պայքարը որոշակի դրական արդյունքներ տվել է, բայց նպատակին, որ չի ծառայել, պատճառը ո՞րն է»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ գուցե, պատճառն առաջնորդներն են, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Բա ես մեռա ասելով: Ասել ենք՝  կուզեք մենք մի կողմ քաշվենք, խնդիր չկա, եկեք, առաջնորդեք, բոլորին ենք ասել, ովքեր չեն կիսում այս իշխանության տեսակետը, գտնվում են ընդդիմադիր դիրքերում: Հեշտ է քննադատելը, բայց որ գալիս է կոնկրետ գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն, իր նեղ կարգավիճակից ելնելով, մեղադրել նախկիններին: Ինչո՞վ են մեզ քննադատողները տարբերվում գործող իշխանություններից», - նշեց Մինասյանը: